Էջ:Ջալալեդդին65.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա հազիվ կարողանում էր շունչ առնել և խիստ դժվարությամբ էր կարողանում շարժվել մի կողքից դեպի մյուսը. երևում էր, ծանր կերպով վիրավորված էր նա։— Հիվանդը Սարհատն էր։ Նրա բարձի մոտ նստել էր մի օրիորդ մաշված, վշտահար դեմքով արտասուքով լի աչքերով,— դա Ասլին էր, որին Ղանլի-Դարայի անցքի ժամանակ Մըստոյին հաջողվել էր գողանալ։ Հիվանդի աջ և ձախ կողմերում, որպես տխրության երկու հրեշտակներ, նստած էին երկու ուրիշ աղջիկներ, և նույնպես լաց էին լինում.— դրանք նրա քույրերն էին։ Վրանի մի կողմում, աչքերը բռնած, կուչ էր եկել նրա փոքրիկ եղբայրը։ Իսկ դրսում, վրանի մուտքի մոտ նստած հեկեկում էր ինքը Մըստոն։ Մի մանկահասակ կին գեղեցիկ սևորակ աչքերով ոտքի վրա պտտվում էր — դա Մըստոյի կինն էր։

Հիվանդը գտնվում էր հոգեվարքի ճգնաժամի մեջ…։

Ղանլի-Դարայի կռվի մեջ Սարհատի ընկերներից ազատվեցան երեք վիրավորվածներ միայն, մյուսները բոլորը ընկան։ Ընկան և այն քաջազնուհիներից շատերը, որոնք բռնաբարության բարոյական մահը սրբեցին իրանց արյամբ…։

Վիրավոր առյուծը վերջին անգամ բաց արեց աչքերը։ Նայեց Ասլիի վրա, նայեց քույրերի և եղբոր վրա, և փակեց նրանց…։ Մի «ա՜խ» եղավ նրա վերջին խոսքը…։

«Դու իմ վրանիս տակն ես մեռնում, ո՛վ քաջ, և իմ վրա ես թողնում վրեժխնդիր լինել քո մահվան համար— Մըստոն կկատարե այդ»…— ասաց նա հառաչելով և գրկեց մեռնողի գլուխը։