Էջ:Վերք Հայաստանի 08.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեկ երես բան դեռ չէի գրել, որ իմ մանկական սիրելի բարեկամ ազնիվ հայազգի պարոն դոքտոր Աղաֆոն Սմբատյանը ներս մտավ: Ուզում էի թուղթս ծածկեմ, էլ չկարացի: Ինձ համար աստված էր նրան էնսհաթին ղրկել, նրա ջանին մեռնիմ: Զոռ արեց, որ կարդամ. բարեկամիցը ի՞նչ պետք է թաքցրած: Սիրտս դողում էր կարդալիս, մտքումս ասում էի, թե հենց հմիկ, որդե որ ա, գլուխը կպտտի, ունքերը կկիտի մյուսների նման ու իմ ախմախության վրա մտքումն էլա հո կծիծաղի, որ երեսիս չասի: Բայց փիսը ես էի, որ նրա ազնվական հոգին դեռ լավ չէի ճանաչել: Վերջացնելիս, որ հենց էն ա, թուրն էկել էր, ոսկորին դեմ առել, որ չասեց՝ «Թե էդպես կշարունակեք, շատ հիանալի բան կդառնա»,— ուզում էի վրա թռչիմ, բերանը, է՛ն քաղցր բերանը համբուրեմ:

Նրա սուրբ բարեկամության եմ պարտական, որ մունջ լեզուս բաց արեց: Նա գնաց թե չէ, կրակը ջանս առավ: Սհաթի տասն էր աոավոտի: Էլ հաց, կերակուր միտքս չէկան: Ճանճը առաջովս անց կենալիս ուզում էի սպանեմ, էնպես էի վառվել: Հայաստան հրեշտակի պես առաջիս կանգնել, ինձ թև էր տալիս: Ծնող, տուն, երեխայություն, ասած, լսած բաներ՝ էնպես էին կենդանացել, որ էլ աշխարքը միտքս չէ՛ր գալիս: Ինչ խուլ, կորած, մոլորած մտքեր ունեի, բոլոր բացվել, ետ էին եկել: Նոր էի իմանում, որ գրաբառ ու ուրիշ լեզվներ մինչև էն սհաթը միտքս փակել, բխովել էին: Ինչ որ ասում էի կամ գրում մինչև էն հադաղը, գողացած կամ հնարած բաներ էին, էնդուր համար հենց մեկ երես բան գրում էի թե չէ, յա քունս էր տանում, յա ձեռս բեզարում: Գիշերվան մինչև սհաթի հինգը ո՛չ հացի մտիկ արի, ո՛չ չայի. չիբուխն էր իմ կերակուրը, գրիլը՝ իմ հացը: Տանցոնց խնդրելուն, նեղանալուն, խռովելուն էլ չէ՛ի մտիկ անում: Երեսուն թաբաղեն, էն ա, լցվելով էր, որ բնությունը իր պարտքը պահանջեց, աչքերս գնաց: Սաղ գիշերը ինձ էնպես էր երևում, թե նստած գրում եմ. երանի՜ կըլեր ինձ, թե էն մտքերը ցերեկն էին միտս ընկել:

Սի՛րելի կարդացող, չնեղանաս, որ բանն էսքան երկարացրի: Էնդուր համար եմ էստոնք հիշում, որ իմանաս, թե ազգի սերը ի՞նչ լազաթ ունի, ի՞նչ զորություն: Էն առավոտը իմ դուշմանի տանը ո՛չ ետ գա, ինչ որ ես տեսա: Աչքս բաց եմ անում՝ իմ խեղճ, ղարիբ գերմանացի կողակցի ձենն ա ընկնում անկաջս: Տեսնիմ, իմ միայնակ որդին դոշին առած՝ էն արտասունքն ա վեր ածում, որ քարեր կմղկտան: Ծառա ու ղարավաշ էլ մեկ պուճախում են փետացել, կանգնել, ինձ ցավելով մտիկ անում: Ո՞ւմ սիրտը էս սհաթին չէ՛ր ճաքիլ: Գժվածի պես վեր թռա, երեխիս եմ նայում. փառք աստուծո, սաղ ա. կողակցիս եմ աղաչում, սիրտը չի՛ կարում ետ բերիլ: Ի՞նչ էր պատահել, չէի իմանում: