Էջ:Վերք Հայաստանի 108.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ, ժամով, պատարագով թաղեն: Բայց որ ճարըները կտրվում էր, գլխըներին կրակ էին վառում, էրեխեն կամ ջուրն էին քցում, կամ մեկ քարի տակ դնում, իրանք էլ վրեն էրվում, խորովվում ու մյուս օրը լալով, կիսամահ ճամփա ընկնում: Շատ հղի մեր հենց ճանապարհին կամ մեռած էր ծնում իր ինն ամիս դառը ցավով արգանդումը պահած, հասցրած մանուկը, կամ թե չէ, սաղ էլ որ ըլում էր, մերը բարուրում, ուզում էր, որ կամ ինքն էլ հետը մեռնի, կամ մանուկը չթողա, տանի, բայց ա՜խ, անաստված ղզլբաշի թրի բերանը կամ երկսին էլ ի միասին էր կտրատում, կամ բարուրը մոր ձեռիցն առնում՝ կամ սպանում, կամ ջուրը քցում, կամ քարին տալիս, փչացնում:

Շատ հալևոր կամ ոտից-ձեռից ընկած պառավ, որ էլ չէին կարում ոտը ոտի առաջ դնեն ու կիսաշունչ մեկ քարի տակի նստում էին, որ բալքի թե գազանք գան, նրանց կտրատեն, ուտեն, որ գլխըները բաց չէին անում, լալիս, մղկտում ու իրանց որդոցը օրհնում, բարի ճամփա, բարով մնա ասում ու ձեռաց գնում, յա արախլվի ոտներն ընկնում, աղաչում, պաղատում, որ իրանց էնտեղ թողա, հենց խոսքը բերնըներումն էին թրախորով ըլում՝ ո՛չ որդու ձեն լսում, ո՛չ թոռի երես տեսնում ու թամարզու աչքը խփում: Շատ որդի՝ իր հալևոր հորնըմոր, շատ փեսա՝ իր նշանածի կամ նորահարսի, շատ ախպեր իր քվոր, աներ-զոքանչի հալը տեսնելով, որ էլ ջան չունին, որ տեղըներիցը շարժին, իրանք էլ կիսաջան՝ էլած ղվաթներն էլ որ ատամների տակը չէին առնում ու իրանց անգին բեռը շալակում, որ յա իրանք էլ մեռնին, յա նրանց չթողան, մեկ էլ էն էին տեսնում, որ քամակները թեթևացավ, ու իրանց քաղցր, ազիզ բեռան արինը շլընքներով շոռալով ծոր ընկավ, գետինը ժաժ էկավ, իրանց գլխըները աչք ու լիս, ուշ ու միտք կորցրեց, դժժաց: Շատի բախտն էնքան բանում էր, որ թուրը իրան էլ էր զոռը ցույց տալիս, իր սիրելու հետ տանում, պրծացնում: Բայց ա՛խ, իրանք, ղորդ ա, պրծնում էին, բաս իրանց քոռփա մանուկների, էրեխեքանց ցավն ու հոգսը ո՞վ պետք էր քաշեր, ո՞վ նրանց մեկ պուտ ջուր, մեկ կտոր հաց տար, սովից, մահից ազատեր: Վա՜յ նրանց օրին. յա անիրավ արախլուն էր նրանց զավթում, յա սովը իր ճանկը քցում:

Բոբիկ ոտները քարերն էին ճղում, բաց գլխըները՝ արեգակը էրում, փոթոթում: Շատ մոր երեխեն գրկիցը խլում էին ու կտոր-կտոր անում, որ եգին գնա: Ո՞վ. երկինքը՝ աչքը բաց, հանդարտ մտիկ էր տալիս, երկիրը՝ բերանը փակ, անկաջ էր դնում. ում տալիս էին էնպես անմեղ քոռփին, դեն էր քցում, մեկ բուռը հողի էլա արժան չէ՛ր տեսնում: Վա՜յ նրան, որ կամ սելի ակն էր կոտրվում յա ձին սովի ձեռիցը բեզարում, կամ գրաստը