Էջ:Վերք Հայաստանի 14.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատիվն են ճանաչում, ո՛չ հավատի գինը, ո՛չ ժամի, աղոթքի զորությունը: Էս ա, որ աստված մեր գլխին բարկացել, ամեն կողմից մեզանից զուլումը պակաս չի ըլում, է՜: Ամենն էլ իրանց ձին են քշում: Էրեկվան երեխեն էլ դեռ ոտը չի՛ էլած՝ ոտն ա բարձրացնում, հո աստված չի՛ վերցնիլ: Վեր կացար տեղիցդ, տո՛, մեկ հլա աստծուն փառք տո՛ւր, երեսիդ խաչ հանի՛ր, հոգիդ միտքդ բե՛ր ու ետո ուզածդ արա՛, է՜. հո ճաքեցիր ո՛չ: Տա՜, տա՜, տա՜… Աստված ազատի էս ժամանակվա երեխեքանց ձեռիցը. որ թողաս, աշխարք կքանդեն: Լավ ա, որ աստված էսպես անօրեն բանին համբերում ա, ես ըլիմ, չե՛մ համբերիլ:

Աղասին հնազանդ որդի էր: Ղորդ ա, մորը ո՛չինչ չասեց, լռվեց, բայց ասածը մեկ անկաջովը մտավ, մյուսովը դուրս էլավ: Ոտի տակին կրակ էր վառվում. սիրտն ուզում էր բերնովը դուս գա: Գեղումը մեծացած ռամիկ տղա հազարից մեկ անգամ ժամի երես չէ՛ր տեսել, մեղի ձեն չէր լսել, կողքերն ու գլուխը չոլում, սարում հաստացրել: Մեկ զատկին, մեկ էլ ջրօրհներքին, սատանի աչքը քոռ, ղորդ ա, զանգակի ու պատարագի ձեն իմանում էր, բայց վա՜յ էն իմանալուն. ո՛չ սրտին էր քյար անում, ո՛չ ջանին: Նրա համար ժամն ու գիլի հարսանիքը մեկ էր. ո՛չ բառն էր իմանում, ո՛չ զորությունը. ծունր դնելիս կամ չոքելիս էլ մեջքն ու ոտներն էին ցավում, ծալապատիկ նստում էր, բեզարում էր, ոտի վրա կանգնում էր, չէ՛ր կարում համբերի: Շատ անգամ ճարը կտրում էր, դուս էր գալիս ժամի հայաթը, մեկ գերեզմանաքարի վրա նստում, մեկ կուշտ քնում, էլ ետ ներս մտնում: Շատ անգամ էն վախտին էր ժամ գնում, որ ամեն բանը կերել պրծել, Օրհնյալ եղերուքն էին ասում: Ո՛չինչ. մեկ-էրկու խաչ էր հանում երեսին, ժամի դուռը պաչում, ետ դառնում:

Սաքի մենք է՞նպես չենք անում, կոպիտ գեղըցու վրա ի՞նչ ենք զարմանում կամ ծիծաղում: Գրի սևն ու սպիտակը հո, էսպես տեղը, տերտերներն էլ բռանց էին ջոկում. ավետարան կարդալիս հազար անգամ յա չեշմակը (գյոզլուկը) դզում, յա տիրացվի, մղդսու վրա բարկանում, յա գրակալը դոշըներին քաշում, յա գլուխ, երես գրքի միջումը կորցնում, մեկ պստիկ մոմ էլ ձեռներն առնում, յա մոնթի գլխին խփում, որ մոմը դուզ բռնի: Շատ անգամ էլ, որդիանց որդի, մեկ փիս, անմարս, դժար, ատամ, գլուխ կոտրող բառ էլ որ չէր ռաստ գալիս, հենց գիտես, թե սատանի թամքը կորավ. շատ կռանալուցը, մոմը մոտ բռնելուցը յա գիրքն էր էրվում, յա նրա միրուքը: Ամա էսպես բառեր վարավուրդ էին արել, մոտանալիս կամ գլխովն էին պտտում, կամ մեկ գիրն ասում, մյուսը կուլ տալիս. յա թե չէ՛ սխ կարդալու տեղ՝ սոխ կամ սխտոր ասում, ղս ասելու տեղ՝ ղսրախ, ու ժամ օրհնողն էլ յա չոռ էր ասում, յա չէ՛ լսում: Մեկ գիր պակաս