Էջ:Վերք Հայաստանի 142.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց աղաղակը աստված չիմացավ: Արեգակը վազում ա արևմուտը հասնի, ղզլբաշը՝ Ապարան քաշվում. խլղարաքիլիսեցոց հոգիքը՝ ո՞ւր.— դրախտը. արդարը դժոխքը ե՞րբ կերթա: Խլղարաքիլիսեն էրվեց, ամպերը քաշվեցին, սարերը դինջացան, հարիր տասը-տասնըհինգ տարեկան տղա, աղջիկ Հասան խանի օրդուն մտան: Ղոնշունը նաղրախանեն ածելով, պար գալով ետ ա դառել. դահիճքը իրանց թրերն են հազրում, մոլլեքը իրանց լեզվները սրում, որ Քրիստոսի որդիքը Ալուն մատաղ անեն: Վա՜յ, վա՜յ, Հայոց ազգ ջան, է՞ս օրին էիր դու արժան:

Իրիկունը որ գա, ա՜խ, գել, արջ, սարերի գազանները պտի գան, ձեր կացած տեղը իրանց ուրախությունն անեն: Էլ ո՞վ կլսի մոր ձեն, հոր աղոթք, երեխի խաղ ու ծիծաղ, ժամի ու զանգակի ձեն ձեր լաշերի վրեն: Գազաններին կմնա բոլոր մեյդանը. նրանք պետք է էս գիշեր մարաքյա անեն էստեղ: Գնա՛նք, գնա՛նք, միսս սրսռում ա. օ՜հ, ո՞վ սիրտ կանի մոտանա. բաս էրեխեքանց ճարն ի՞նչ կըլի. նրանք կերթան Հասան խանի օրդուն, լաց կըլին, ջան ասող չի ըլիլ. կէրվին, կմորմոքվին, մեկ ցավող չի՛ ըլիլ: Ամեն մեկը մեկ խանի կամ արախլվի ձեռի՝ հավի պես կծվա կամ լեղապատառ կըլի, կամ սուրը իր դոշը կխրի, իրան կսպանի, կամ տանջանքին չդիմանալով՝ կթուրքանա. ո՞վ, լսողը ի՞նչպես չպտի սարսափիլ:

Տեսնի՛նք, ո՞ւր գնացին էս անմեղ գառները: Մեր բախտիցը, թե տարաբախտությունիցը, մութը գետինն առել ա, էլ մեզ մարդ չի՛ տեսնիլ, որ եսիր անի:

Մթնագիշերը քեզ մեկ ղարալթու ա երևում. գլուխը ցից, պատերը քանդված, հազար կայծակի ու երկրաշարժության երեսը դեմ տված, դռներն ու փանջարեքը խարաբա, խորան ու սեղան ավերակ՝ կանգնել ա տխուր եկեղեցին Ապարանու: Ուր հազար գող ու ավազակ աղոթքի ու պատարագի տեղ անմեղ հայերի որդիքը՝ ձեռըները կապած, բերան ու աչք խուփ, իրանց չար կատաղությանը պատարագ արին: Ուր հայոց թագավորքը, իշխանքը ու պայազատքը Ապարանի բյուրատեսակ ծաղկների հոտը, էն պատվական աղբրների համն առնելով՝ իրանց ամառվան օրերը հովացնում, իրանց հովացած, զովացած սիրտը աստվածային սիրովը վառում, իրանց սուրբ սրտի աղոթքն ու մաղթանքը ծաղկների հոտի հետ խառը, թռչնոց ձենի հետ հավասար, մեկ բերնով՝ իրիկուն, առավոտ երկինքն էին ուղարկում: Ուր էս սհաթին էլ մեկ ահագին չորս ջաղացի ջուր մեկ քանդված բլրի տակից, ուրտեղ որ Վաղարշակա, Տիգրանա, Տրդատա ապարանքն էին, երկրի երեսը ճոթռելով, Ալագյազի սրտիցը, գետնի տակովը ճանապարհ բաց անելով՝ բերանը փրփրով լիքը, աչքերը