Էջ:Վերք Հայաստանի 169.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գնանք, ո՞ւր, մեր գլուխը ո՞ր քարի առաջին լաց ըլինք: Ո՞ր ջուրն ընկնինք, խեղդվինք, պրծնինք: Տո՛, մեկ բերանդ էլա բաց արա՛, քո ջանին մեռնինք: Ընչի՞ ես էսպես մեզ էրում, փոթոթում: Ի՞նչ կըլի, որ էդ սիրուն աչքդ էլա մի բաց անես, մեզ էսպես չսպանես: Աշխարքն էլ ի՞նչ պետք է մեզ համար, որ քեզ չենք ունենալ: Մեր գլուխը քեզ ղուրբան, ամենս էլ առաջ մե՛ր արինը վեր կածենք: Կաթն ու ծիծ մեկտեղ ենք կերել, որ քեզանից ձե՞ռ քաշենք: Բախտ ու լավ օր մեկտեղ է՛նդուր համար ենք վայելել, որ քեզ նեղ օրը բա՞ց թողանք: Որիս ուզում ես, վեր կա՛ց, քո ձեռովդ մատաղ արա՛. ով երեսը ետ թեքի, շլինքը տո՛ւր, քո ձեռին ղուրբան. ախր մեկ խոսա, ի՞նչ կըլի:

Էս խոսքին բիրադի մեկ ձիու ոտի շփլթոց էկավ: Երկինք, գետինք գլխըներին սևացավ: Հենց իմացան՝ մեկ ամպ տրաքեց, մեկ սար գոռաց, փուլ էկավ: Յարաղ-ասպաբ առան ուսըները, ամեն մեկը մեկ բուռը հող սրբությունի տեղակ բերանը քցեց, մեկ քարի առաջի չոքեց, իր մեղքը խոստովանվեց, մեկ քանի ծունր դրեց, երեսին խեչըհանեց, ժամի քարերը պաչելով տեղիցը վեր կացավ, ձիու աչքերը ճմբռեց, մեջքը սղալեց, որ անկաջները սրել, խլշացրել, էն կողմն էին մտիկ անում էնպես խլշկոտալով, որդիանց որ ձենը գալիս էր: Շունը ղրաղ քաշեցին, մատով-ձեռով արին, որ ձեն չհանի, ու իրանք թուր ու թվանք հազրած, ձիու ջիլավը քցած՝ սկսեցին պատի արանքիցը անսաս անկաջ դնիլ, որ տեսնին՝ էկողներն ո՛վքեր են: Դամարները ուզում էր տրաքի, ոտըների տակին կրակ էր վառվել: Անիծած բուքն ու քամին հյուսսի դհիցն էր գալիս ու ձենը փակում: Ուզում էին իրանց կտրատեն, որ չէր թողում՝ պարզ իմանան, թե ի՞նչ խաբար է:

Էսպես՝ կես սհաթ քիմի մնացին փետացած: Էլ չէին ուզում ծպտան: Շատ մտիկ արին, ձեն չէկավ. հենց էն էին ուզում, որ էլ ետ տեղըները նստին ու թվանքները վեր դնեն, ու մեկն էն կողմիցն սկսեց բերանը բաց անիլ.

— Տղե՛րք, ի՞նչ կըլի՝ ըլի, տղամարդությունն էն ա, որ մարդ իր գլուխը դուշմանի ձեռ չտա: Դուք լավ գիտեք, որ մեր մեկ հայը տասը թուրքի բարեբար է: Երևում ա՝ ետևներիցս մարդ են քցել, ման գալիս: Թո՛ղ գան, դրանց փիրն իրանց խռով կենա: Բոլորին յա կջարդենք, յա կջարդվինք: Քամակ-քամակի տանք, նամարդի մուհդաջ չըլինք:

Հենց էս խոսքն էր Կարոյի բերնումը, որ բեղաֆիլ տեղիցը էրկու գազ ծուլ էլավ, թուրը դուս քաշեց ու ուզում էր, որ դուս պրծնի, ընկրները փեշիցը քաշեցին, ձեռնըները բերնըներին դրին, որ անսաս տեղը նստի, չունքի ձիանոնց ոտի թրխկոցն ու փռնչոցը էնպես մոտեցավ, որ, հենց