Էջ:Վերք Հայաստանի 174.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ութ-ինը մեծ ու պստիկ ղոչաղ տղերք էլ, անլվա-անլվա, որը խանչալը կողքին քաշ արած, որը մեկ կտոր հաց ձեռին, կրծելով, որը մեկ փետ չանի տակին դրած, որը գլխաբաց կամ փորաբաց, շապկանց կամ անփոխան, էկան, անկաջները խլշացրած՝ սաքվի չորս կողմը շարվեցին ու աչքըները ղոնաղների երեսին կթեցին: Հերը ծեծում էլ էր, դուս չէին գնում: Դեռ բարիկենդանի մազեն՝ սուջուխ (չուչխել) ասես, ալանի, տանձ, խնձոր, փշատ, չիր, ջիբըներումն ունեին մեր տղերքը. հանեցին, երեխեքանցը բաժանեցին. աչքըները մնաց բաց, չունքի նրանց երկրումը էնպես արմաղան բաներ չկային:

— Մեր կաղնին ու ֆոնն էլ էս համը չունին,— մեկզմեկու ասում էին ու անոշ անում:— Էնքան մածուն, կարագ, եղ, սեր ու մեղր ենք կերել, որ բերան ու փոր հոտել են. աշխարք, աշխարք է՛ս պետքը ըլի, որ էսպես բաներ դուս են գալիս, մեր հավերիցն ու գոմիցն ի՞նչ լազաթ դուս կգա,— ասեցին ու ուրախ-ուրախ դուս թռան, որ գնան, իրանց հարևանների երեխեքանցն էլ իրանց ճարած նուբարը ցույց տան:

Ընչանք ծիտը ջուր կխմեր, գոմը երեխեքանցով լցվեց. մինը մնին բոթում էր, որ առաջ գնա, միրգ ուզի: Ղոնաղների մեկը որ ձեռը չէր շարժում, հազար տեղ գունդ ու կծիկ էին ըլում: Էսպես՝ հլա խելիմ վախտը երեխեքը նրանց պարապացրին:

Տանուտերը քանի ուզեցավ բան հարցնի, նրանք մատըները բերններին դրին, սուս արին. էստով իմացան, որ սրանում մեկ բան կա: Մեկ քանի սհաթ անց կացավ թե չէ, սաղ գեղն էկավ, հավաքվեցավ նրանց գլխին: Ով տուն էր մտնում, գդակը գլխին, յափունջին վրեն, չիբուխը բերնին կամ ձեռին, թութունի քիսեն ու խանչալը գոտկիցը քաշ արած, քոբաչի չուխեն հաքին, շալվարի ծերը պաճուճումը ղայիմացրած, տրխըները կուփ-կուփ հաքած՝ ամեն մեկը մեկ սարի ղդար տղամարդ: Էլ մեծ ու պստիկ չէին հարցնում: Գլուխ տալը հո, ըսկի՛ ադաթ չի: Որն էկավ, մեկ Բարի՛ լիս կամ Ողորմի՛ աստված ասեց ու նստեց: Քսան-երեսուն տարեկան ջահել տղերքն էլ որը սնըդուս, որը պատնըդուս շարվեցին ու իրար անկաջում քսփսալով՝ յա ղոնաղներին էին մտիկ անում, յա նրանց յարաղ-ասպաբին, յա մեկ բան ուզելիս՝ ամենն էլ իրար գլխով էին դիպչում, որ իրանց պարոնի պարոնների ասածը կատարեն: Տանու տղերքն էլ էկան. որը գոմն էր սրբում, որը ձիանը թիմարում, որը խոտ ու դարման բերում, որը մալը ջուրը տանում, որը չիբուխի կրակ դնում. ամենն էլ ուրախ էր, որ մեկ բան անի, մեծերի ու ղոնաղների սիրտը շահի: Սրանք էլ յարաղ-ասպաբ հանել, պատիցը քաշ էին արել ու ծալապատիկ նստած՝ զրից էին տալիս: Ձիանոնց համար ամոթ էր հարցնիլ. նրանք