Էջ:Վերք Հայաստանի 179.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինչպես սև ամպ: Շատ անգամ որ ա՜խ չէր քաշում, քար ու հող լաց էին ըլում: Ծիծաղելիս՝ բերնի չորս կողմը, էնպես գիտես, թոռոմած վարդի տերև ըլի, որ շաղը տալիս մի քիչ զվարթանում, էլ ետ ճլորում, թուլանում է:

Շատ անգամ մեկ քարի ծերի նստած, կամ մեկ քարափի գլխի թինկը տված, աչքը ձորին, գետին քցած, գլուխը ձեռին, կամ մեկ աղբըրի ղըրաղի՝ կողքի վրա ընկած, թփերի, խոտի, ծաղկի, ջրի հետ խաղալիս, լաց ըլելիս էին նրան ռաստ բերում: Բազի վախտ որ «Նազլո՛ւ» չէր ձեն տալիս յա հորնըմոր անունը հիշում ու ա՜խ քաշում, սար ու ձոր հետը ձեն էին տալիս, մղկտում: Ինքը որ տխուր ու մաշված էր, հենց իմանում էր՝ մարդիկ սիրտ չունին, որ ուրախանում, ծիծաղում էին: Էստուր համար իր ընկերքը սար ու ձորն էր շինել, էսպես էր ծնողաց կարոտը, քիր-ախպոր հասրաթը, դարդը նրա սիրտն առել: Երևանու մեկ ծուխն էլա չէր ընկնում աչքովը, մեկ սար էլա էն կողմիցը չէր տեսնում, որ բալքի սրանով էլա սիրտը մի քիչ հովանա:

Էս ժամանակին էր, որ մեկ օր ընկերներին հավաքեց, գնաց ֆորս, Համզաչիման ու Չբխլու անց կացավ, Ղառնիյարաղ հասավ ու հենց Մասիս աչքովն ընկավ, ընկերներին ձեռով արեց, որ մի քիչ հեռանան, ինքը նստեց մեկ թփի տակի, գլուխը դրեց քարին, աչք ու բերան արտասնքով, ծխով լիքը՝ էս խաղն ասեց:


Սար ու ձոր ընկած՝ մեկ չոր թփի տակի,
Գետին նայելով՝ մնացել եմ նստած.
Ձեռս ծոցումս, գլուխս մեկ լեռ քարի
Տված՝ լալիս եմ, օրս խավարած:


Ամպերն առաջիս, սարերն ետևիս,
Քեզ մտիկ տալով, ա՜յ իմ քա՜ղցր Մասիս,
Աղի արտասընքով էրված, խորոված՝
Երեսիդ նայիմ, մնամ քարացած:


Ծնո՛ղ, ազգակա՜նք հեռու ինձանից.
Լուսնին նայելով, ձեր սերն հիշելով՝
Երաբ, ե՞րբ կըլի, որ ես ձեզանից
Իմ կարոտս առնիմ, ձեզ ջան ասելով:


Երաբ ձեր ճտովն մեկ օր էլ կընկնի՞մ,
Երաբ ձեր երեսն մեկ էլ կտեսնի՞մ,