Էջ:Վերք Հայաստանի 212.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մնացածը, ինչ կոտորվել էին՝ կոտորվել, ինչ չէ, մնացել ձորի միջումն, ոչխարի պես չոբանը կորցրած, կանգնած: Ընչանք էսպես պահեցին մեր տղերքը, մինչև ծեգը բացվեց, ու աչքդ բարին տեսնի. տասնըհինգ թուրքի մենակ էն չորս քրդերն էին սպանել, տասից ավելի ղուղ մենակ Աղասին էր ցրվել ու փոր վեր ածել:

Լսողը կարելի ա զարմանա, թե ի՞նչպես է՛սքան բաներ մեկ օր ու գիշեր անց կացան: Էնդուր համար, որ ղզլբաշը էս միջոցումը Ղարսա վրա կռիվ էր դուս գնացել, ու ասածս քսան ու մեկ թվին էր, որ սար ու ձոր, մանավանդ Անի, հարամի ու յաղի էր դառել:

Առավոտը լուսացավ. էն առավոտը երանի՜ ամեն խղճի ու տառապելո ռաստ գա: Հինգ հարիր հոգուցը վաթսուն հոգի չէ՛ր մնացել, էն էլ ոչխարի պես մեջ արած, շատը անյարաղ-ասպաբ: Ձիուն, շորին, ասպաբին թիվ ու համար չկար: Լեզու պետք է ըլի, որ պատմի է՛ն փարվիլը, է՛ն ուրախության արտասուքը, որ էսօր Անի տեսավ: Ղարսըցի հայք դեռ չէին հավատում իրանց աչքին, թե ղորդ, թշնամու ձեռից ազատված՝ էլ ետ իրանց աշխարքը պետք է գնային: Էնքան շշկլել էին, որ չէին էլա միտք անում, որ մեկ հարցնեն, թե ո՞վ էր նրանց ազատողը: Գեջդանգեջ որ Աղասու մարդիկը ձիանը չէին վեր բերում բերդիցը, աշխարհն իրարոցով դիպավ. հենց կարծեցին, թե թշնամի են. թվանք վեր առան. բայց Աղասին բոլորին էլ հանդարտացրուց ու հսկայական քայլիվ որ առաջ չի գնաց փոքր ու իր ընկերներին կանչեց, ամենի աչքն էլ մնաց նրա պարթև բոյի, նրա ազնիվ շարժվածքի վրա հիացած: Էլ էնքան նրանց փարվելուն ու օրհնելուն չմտիկ արեց, երբ իմացավ, թե Հասան խանը ղոնշունով Ղարսից ետ ա գալիս (ղարսըցիք ասեցին նրան), շուտ ական թոթափել՝ մեկ-երկու ձիավոր Գյումրի ղրկեց, մյուսներին հրաման արեց, որ էլ ժամանակ չկորցընեն, օղլուշաղն տանին, բերդումը յա ձորումը ամրացնեն, մալն ու ոչխարը ձորնըդուս քշեն, Շորագյալու հանդը տանին, ու ինքը, ինչքան թվանք, թուր բռնող տղամարդ կային, գլխին հավաքեց ու սարնըդուս վեր էլավ: Տասը-տասնըհինգ տարեկան տղերքն էլ ասլան էին դառել, ուզում էին իրանց արընի ջիգրը հանեն: Գերի արած թուրք ու քրդերիցն էլ յարաղ-ասպաբ ետ արին, իրար կապեցին ու բերդը տարան: Աղասին չէ՛ր էլել, ղարսըցիք ուզում էին նրանց քարով սպանեն յա ջուրն ածեն:

Հուլըսի 23-ին 1821-ին էր, որ հայոց երևելի հին քաղաքն Անի իրեք հարրից ավելի կտրիճ զորք, թողունք ջահել տղերքը, զրահավորված, զարդարված՝ աչքը բաց տեսավ. որ մտան ո՛չ իրանց որբ մայրաքաղաքը,