Էջ:Վերք Հայաստանի 213.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աչքըները ծով դարձավ. մեկ սհաթ քիմի տաճարի միջումն ընկել երեսի վրա, գետնիցը պոկ չէին գալիս:

Բայց գլուխը պահելու ժամանակ էր. Աղասին խնդրեց, որ ինչ սրտներումն ունին, ետո ասեն, ետո անեն, ու զորքը կես արեց, կեսը տվեց Կարոյի ձեռքը, որ էս կռվըներումն եփվել, հասել էր, կեսը ինքը ձեռի տակն առավ. ամեն մարդ, ինչ ուտելու էր, ջեբը դրեց. երեսնաչափ մարդ էլ օղլուշաղի հետ դրեց. ինքը բերդումը ղայիմացավ, Կարոն՝ արևմտյան ձորումը, Մուսեն՝ օղլուշաղի հետ: Աստուծո ողորմությունիցը՝ բարութ-գյուլլեն էլ լավ վախտին հասավ: Էնպես էին պայման կապել իրար միջում, որ թե Հասան խանը ձորը մտնի, էնքան թողան, որ բոլոր ղոնշունի ոռքը կտրվի, ետո շենլիկ անեն. թե թուշ բերդի վրա գա, էնքան դուս չի գան, մինչև բոլորը նրանց գլխին հավաքվին, ետո կեսը ձորի մեկ կողմիցը, կեսը մյուսիցը, կռվի չաղ ժամանակը, վրա տան, որ էնպես շշկլացնեն թշնամուն, որ փախչելուց գյուման էլ ուրիշ ճար չքթնին, ու թե աստված էս հաջողությունը կտար, Մուսեն օղլուշաղը թողար մեկ ղայիմ տեղ ու ձիանը դուս բերեր իր մարդկերանցովը, որ բալքի թե հնար լինի, բոլորին էլ ջարդեն:

Առավոտյան հովն անց էր կացել, որ ամեն մարդ հեռացավ ու իր տեղը քթավ: Ճաշն էլ եկավ, հասավ: Էնքան շոգը չէ՛ր գետինն էրում, ինչքան քաջ հայերի արինը, իրանց սիրտն ու դամարները, որ իրանց ազգի իշխանաց, թագավորաց հողի վրա արին թափիլն ու քաջությամբ մեռնիլն էլ իրանց համար անմահություն էին համարում: Արեգակը երկնքի միջիցը երկու գազաչափ թեքվել էր, ու բերդիցը մեկ թոզ տեսան. քիչ-քիչ շատացավ ու ամպի պես Անու սաղ ղուզը կոխեց: Ձորիցն էլ էին տեսել ու իրանց տեղը անսասել: Դամար էր, որ ուզում էր տրաքի, սիրտ էր, որ ուզում էր պատռի, շատն ուզում էին բերդ ու ձոր թողան, մեյդան դուս գան, իրանց տղամարդությունը ցույց տան: Աստուծո ողորմածությունիցը՝ էնպես էր երևում, որ թշնամին բանից խաբար չի, ու հենց էնդուր համար ա էնպես ոտն առել, որ գան էնտեղ, մի քիչ դինջանան ու ետո, իրիկնահովին ճամփու ընկնին: Հետըները ո՛չ թոփ էր երևում, ո՛չ ջաբախանա. հենց սուբահ ձիավորներն էին առաջ ընկել, որ հասնին Երևան, ավետիք տան, թե Ղարս առան, քանդեցին, բոլոր գեղարենքն էլ քոչացրել, թրի առաջ են արել, բերում են: Էնպես՝ մարդաշատ երկրները քանդող Հասան խանն էլ ի՞նչ կասկած կտաներ, թե մեկ խարաբա տեղում, ուր չոբաններն էին անց կենում, ագռավները բուն դնում, գլխին փորձանք պետք է գար:

Թոզ ու դումանի տուտը քաղաքը բռնեց. խարաբա պարիսպն ու բրջերն էլ, հենց գիտես, իրանց քանդողներին տեսնելով՝ աչքըները խփում էին,