Էջ:Վերք Հայաստանի 218.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարծում, թե իր գլուխն էլ սաղ չի դուս տանիլ էս ձորերիցը, բայց ի՞նչքան զարմացավ, որ երբ կամենում էր վրա տալ, խալխը հազար տեղիցը ձեռըները բարձրաց<ր>ին, անունը տվին ու խնդալով առաջը վազեցին: Հոր պես, որդվոց ազատությունը տեսնելով՝ սկսեց փառք տալ աստուծո, երեսը գետինը քսել ու դեռ բերանը չբաց արած, որ հարցնի, թե ախր էս հրաշքը ի՞նչպես էր պատահել, Աղասուն ձեռըների վրա բռնած՝ առաջին կանգնացրին, ու հազար բերան ձեն տվեց.

— Էսո՛ւր, էսո՛ւր մեզ, մեր որդիքը ղուրբան էրե՛, փաշա, գլխիդ ղուրբան: Մեր ազատողը, մեր երկրորդ աստվածը սա է:

Ազնիվ երիտասարդը, որ ամեն մեկ սրտի ցավը հազար անգամ երեսի գունը էնքան փոխել, ներկել էին, էնքան աչք ու թուշ կարմրացրել, սպիտակացրել, որ շարմաղի պես, մեկ ձեն անկաջն ընկնելիս, իսկույն աչքի աղբրները գետ էին դառնում, երեսի գունը՝ ղրմզ,— ձեռը անլեզու երկինքը քցեց ու առանց խոսալու ցույց տվեց, որ նրա հաջողողն ու զորություն տվողը երկինքն էր, և ո՛չ իր ձեռի հունարը:

Ազնիվ փաշեն առաջին անգամ իր կենաց միջումը մեկ հայի տղի ճակատը էնպես համբուրեց, ինչպես իրան նամազի քարը. դոշին քաշեց, էլ ետ գլուխը ձեռն առավ, էլ ետ համբուրեց ու իր քաջության բոլոր ըխտիարը նրան խոստացավ, որ հետը գնա Ղարս ու իր ձեռի տակին մնա. Աղասին ընկավ փաշի ոտը, շնորհակալություն արեց ու ասեց, որ աշխարքի թագավորությունն իրան տան, նա Անուցը ձեռք վերցնողը չի. նրա միտքն էն ա, որ Անի շինություն քցի: Ի՞նչն էր փաշի ձեռին հեշտ, քանց էս. միմիայն խնդրեց, որ հմիկ հետը գնա Ղարս, ոտը խաղաղվի, էն ժամանակը նրա բոլոր մուրազը կկատարի, ինչքան տուն, մալ, ապրանք ուզում ա, կտա ու ինքն էլ հետը քոմակ կանի: Արտասունքն աչքերը լիքը՝ կրկին ընկավ Աղասին փաշի ոտը.

— Է՛ս գլուխը, որ ինձ էլ պետք չի, է՛ս դոշը, որ հազար անգամ կրակումն էրվել, խորովվել ա, է՛ս ձեռը, որ հազար անգամ ուզել ա իր թուրն իմ սիրտս խրի, բոլոր, բոլոր քեզ մատաղ, փաշա՛. յա էս սհաթին ինձ սպանի՛ր, յա ասածդ արա՛, որ ես իմ ազգի մայրաքաղաքը էլի շեն տեսնիմ, ետո գետինը մտնիմ:

— Անխավատ աջամ,— քրդստանցիք հազար տեղից ձեն տվին,— ծո՛, ի՞նչ կզրուցե, ծո՛: Գիր չգինա՞, կարդալ չգինա՜. փաշություն կտան, հմլա էլ իր սազ կածե: Ո՞վ է խելք, իման կորցրել, որ էմալ անիծած տեղ դա, բուն դնե: Շիդակ ա՜ջամ, աջամի լաճ: Ի՞նչ կուզես, էրե՛, աքլոր-մաքլոր չի խարցնիլ, հմլա կբոռա՝ մեր ճետ խանչեց, մեր ճետ խանչեց (մեր աքլորը կանչեց):