Էջ:Վերք Հայաստանի 231.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հոգուս ճրագներ, գնա՛նք, ուշացանք, կուսակալը ինձ կըլի մնում. հլա բերդը նոր ենք առել, ո՞վ ա խաբար, թե ի՞նչ դուս կգա: Խալխի հոգսը պետք է քաշենք. բանտ ու զընդան լիքն են մեր անմեղ զավակներովը, նրանց ախր հանիլ, ազատություն ու տերություն կուզի, ո՞վ ա խաբար, թե ղրաղ-պուճախում դեռ ի՞նչ բաներ անց կկենա. չունքի ղզլբաշը, ղորդ ա, կոտրվել ա, ամա դեռ ոխն ու քենը սրտումը մխում կըլի, որ էրեկ իրանք էին Երևանու տերը, մեր ազգի գլուխը, էսօր մեր ոտն ա նրանց գլխին, մեր խաչին պտի հնազանդին ու երկրպագություն տան: Գնա՛նք[1]:

Էս խոսքը բերնիցը դուս գալը ու մեկ ողբալի ձեն հենց էն վրեն կանգնած բրջի տակիցը վեր ըլիլը մեկ էլավ.

— Հա՛յր սրբազան, գլխիդ ղուրբան, հասի՛ր. մեկ հայ աֆիցերի սպանեցին իր հոր հետ. ճար ունիս, տե՛ս:

Բրջի դռանը մարդ չէ՛ր երեում. որ մի քիչ կռացան, մտիկ չարին, գլխըներին կրակ վառվեց, բերդը մեկ գազ էլ խոր գնաց, չունքի տեսան, որ էն մարդը փանջարիցն ա գլուխը հանել ու ձեն տալիս:

Ա՜խ, սի՛րելի կարդացող, էլ ի՞նչ երկարացնեմ էս սարսափելի պատմությունը: Կըլի, որ քո սիրտն էլ քեզ ասեց, որ էս հադաղին ի՞նչ աֆիցեր պետք էր էնպես դժոխք մտնիլ, որ գլուխը մահու տա, եթե ո՛չ մեր ջիվա՛ն Աղասին, որ հինգ տարի սար ու ձորի, գազան, հարամու գլուխը չի՛ տվեց, պահե՛ց, էն բաներն արեց, որ աշխարքումը քիչ ադամաորդի արած կըլի, վերջը Գրասովսկիյ գեներալի հետ թռավ իր ցանկալի վաթանը, որ իր ջրատար հոր հետին շնչին հասնի, ու հենց բերդն առան թե չէ, նա, մերը կորցրած գառան պես, էլ չի՛ համբերեց, որ ոտքը մի քիչ խաղաղվի, ընկավ բրջե-բուրջ ու որ հոր անունը չհարցրեց, մեկ երևանցի հայ առաջն ընկավ, տարավ նրան էն բրջի դուռը, որտեղ որ նրա տարաբախտ հերը, մեկ քանի հայերի հետ, բռնված էր: Բայց անիրավ պարսիկքը վաղուց էին իմացել նրա՝ ղոնշունի հետ գալը, ու նրա սպանածների հեր, ախպեր, ազգական՝ մինչև տասը մարդ, գնացել, էն բրջումը տափ էին կացել:

  1. Էս ընտիր, հայրենասեր հայկազունքը, որ երկուսն էլ էսօր մեր ազգի միջումը իրանց ազնվությամբը, իրանց ազգասիրությամբը դեռ, փա՛ռք աստուծո, փայլում են, ու տեր աստված դհա երկար փայլիլ տա, Ներսես եպիսկոպոսի ձեռին էին, հենց բռնի՜ր, մեծացել: Երևան մնալն ու չմնալն էլ չե՛մ իմացել, ու ինչ արած ունին, լավ հայազգին պետք է ջոկ-ջոկ գրքեր շինի, որ բոլոր կարողանա պատմի, ու ամեն տեսնելիս, էնպես գիտեմ, թե նո՛ր Սմբատ, նո՛ր Վարդան են մեր միջումը շրջում: Հետո ժամանակի՝ աստված էնպես նրանց մուրազը կատարեց, որ Երուսալեմսկին երկար ժամանակ քաղաքապետ (պոլիցմեյստր) էր Երևան, մյուսը հո՛, որ ազգի աչքի լիսն ա էսօր էլ, տարի ու կես կառավարիչ էր բոլոր Հայոց Նահանգին: Ո՛չ թե հայք, թուրքերն ևս նրանց անունովը էսօր էլ երդվում են: