Էջ:Վերք Հայաստանի 246.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գերեզմանին, որ էսպես կսիրեն: Երանի՜ էն հողին, որ երկու սիրելու մարմինը էսպես իստակ, անարատ կտանի, կպահի, որ աստուծո առաջին պարզերես դուս գան, մեր երկիրն էլ, որ երկնքի քիրն ա, մեր հոգին էլ, որ աստուծո սուրբ պատկերը:

Նազլուն էլ գնաց, Աղասին էլ, նրանց էրեխեքանց տերն էլ աստված հասցրեց, աստված կթողա՞, որ իր որդիքը կորչի՞ն: Մենք էլ մեկ օր կերթանք, մե՛նք էլ, ա՜յ իմ սիրելի հայրենակիցք. ասա՛, որ Աղասու գերեզմանն էսօր քո աչքիդ առաջին էլ ըլի, դու չե՞ս ա՜խ քաշիլ, ողորմի տալ ու մտքումդ ասիլ. «Ի՞նչ կըլեր, ես էլ քո ընկերների մեկն էի էլել, իմ Հայրենիքը սիրել, իմ ազգին լավություն արել, որ ինձ էլ էսպես սիրեին, իմ անունն էլ էսպես աշխարքի միջումը փայլեր»:

Գանձ ու հարստություն, պատիվ ու նշան, իշխանություն ու մեծություն մինչև գերեզմանի ղրաղն են մեզ հետ ընկեր և ո՛չ բարեկամ: Սառը պատանը երբ որ աչքդ փակեց, էդ հոգելից աչքին ղուրբան, ա՜յ իմ Հայկա ազնիվ զավակ, տխուր զանգակը երբ որ քեզ ժամը տարավ, քո պայծառ երեսը երբ որ մահվան դեղնությունն առավ, քո անոշ լեզուն երբ որ փետացավ, սիրուն արևդ երբ որ մեր մտավ, գագաղդ՝ գերեզմանը, մարմինդ՝ հողը, հոգիդ երկինքը գնացին, դինջացան, էն սգավորքն էլ կդինջանան, որ քո խաթեր իրանց սպանում էին, ու նրանք էլ որ մեռնին, խունկն ու մոմն էլ վրիցդ կպակսի, ժամ-պատարագն էլ: Կարելի ա, որ էն քո վրա անսիրտ, անջիգյար ման էկողների, խնդացողների շատը նրանք են, որ հացդ ուտելիս, բարությունդ վայելելիս քո սաղ վախտը ուզում էին ոտդ համբուրեն: Աշխարքն էսպես ա: Քո գո՛րծքը, քո գո՛րծքը միայն քո անունը կպահեն: Հայրենասիրությունը միայն քո հիշատակը կտոնի, ազգասիրությունը՝ քո արածը կենդանի կպահի, քեզ սրբի տեղ պաշտիլ կտա: Հայրենյաց հողը քո անգին ոսկերքը, քո սուրբ գերեզմանը ամեն անց կենողի առաջին կկանգնացնի ու մատով ցույց կտա.

— Թե ուզում ես քեզ էլ էսպես սիրեմ, գգվեմ, դու էլ ինձ սիրի, ինձ պայծառացրու՝ ի՛մ սիրելի որդյակ:

Աղասու սուգն արինք, պրծանք. ա՜խ, նրա պես հայազգի հիշատակը, նրա պես աննման հսկայի պատմությունը ե՞ս չպետք է գրեի: Երանի՜ էն սհաթին, որ մեկ ազնիվ հայի ծնունդ իմ անպիտան լեզվի վրա բարկանա, իմ անպիտան գրությունը դեն քցի ու ինքը նորեն էնպես գրի մեր քաջ հայերի պատմությունը, որ լսող-կարդացող վառվի, բորբոքի, զարմանա, հիանա ու էն գրողի ղալամն ու գիրքը, ինչպես Պետրարքինը, մասունքի տեղ պաշտի, ծոցումը պահի: Սերն էր, որ ինձ համարձակություն տվեց, որ գրեցի, թո՛ղ կարդացողը պակասությունս երեսովս չտա: