Էջ:Վերք Հայաստանի 32.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ետո մեզ վրա էլ մեծ-մեծ խոսում: Ասենք, թե ամեն բանի վրա լիս չե՛նք ընկնում, մեր աբուռը պահում ենք, որդի, երեխա իշի պես մենծանում են, նրանց հոգսը չե՛ն քաշում, վարժատուն չե՛ն բաց անում, չե՛ն կարդացնում, հենց ուզում են, թե մեր դատածը խլեն: Մի գնա մեչիդը, ամեն մի մոլլա, էն անհավատ տեղըներովը, քառսուն-հիսուն մեծ, պստիկ գլխին հավաքել, առավոտից մինչև մութը ուսումն ա տալիս, իր մասամբի բանը սովորցնում. մերոնք հենց իրանց քեֆն են արամիշ անում: Ո՞րի արածըն աստծուն դիր կգա, ձեզ եմ հարցնում: Ասում էլ ես, աղաչանք անում, անկաջըվեր են անում. մեր որդիքն էլ մեզ նման էշ ուտում, էշ մենծանում. չենք գիտում, թե մենք սովորցնենք, գիտացողն էլ անկաջը կալել ա, ո՞ւմ ասես:

Թե սուտ եմ ասում, ա՜յ ջամըհաթ, մատըներդ կոխեցե՛ք, աչքս հանեցե՛ք, թե չէ՝ ախր մեր ազգը որ խեղճ ա մնացել, թրի, կրակի եսիր, բոլորի պատճառն էս ա, որ մեզ մեկ ասող չի՛ ըլում, թե մենք ո՞վ ենք, մեր հավատն ի՞նչ ա, ընչի՞ համար ենք էկել աշխարհ. քոռ գալիս ենք, քոռ գնում: Հա՛, լավ, հավն էլ ա օրը հարիր անգամ, ջուր խմելիս կամ կուտ ուտելիս, գլուխը ցածացնում, բարձրացնում, էստով ի՞նչ կդառնա: Ո՞վ չի՛ գիտի, թե երկնքումն աստված կա, մեզ համար՝ դատաստան: Ամա պետք է իմանանք էլ, թե երկրումը ի՞նչ պետք է անենք, որ էս դատաստանի տակը չընկնինք, է՜: Ախպե՛ր էսպես չի՞, դուք ասեցե՛ք. ես մեղա, գլուխս քարը: Տո՛, ետին թուրքն էլ ախր Ղուռանի շատ փայը անգիր գիտի, ես մեկ Հայր մեր չեմ գիտում, ախր ի՞նչ իմանամ, թե հոգիս ո՞ւր կերթա, մարմինս՝ ո՞ւր. Ախր իմ խեղճ երեխեքն ինձանից ինչ պետք է սովորին: Շատ բան ասիլ չի՛ ըլում: Չի՛ ըլիլ, որ մարդ իր մատը իր աչքը կոխի, իր ձեռով իր գլխին յա երեսին թակի. ամա ի՞նչ անեմ. սիրտս պատռում ա, որ մեր ողորմելությունը միտքս եմ բերում: Թո՛ղ ինձ կարդացնեն, որդուս ուսումն տան, մեզ ճամփա շհանց տան, ճամփից, հավատից չհանեն, սատանի փայ ըլիմ, մեկ բուռը հողի, մեկ գազ կտավի, ժամ, պատարագի՝ հասրաթ, թե աչքս ուզեն, չհանեմ, իրանց տամ. որդիս ուզեն, չմորթեմ, մատաղ անեմ:

— Ի՞նչ ասեցիր, հերիք ա, խնամի Հարություն,— ասեց տանուտերը,— ո՞ւմ ասես, ո՞ւմ. հազար շուն, հազար գել կա, որ ո՛չ գիր գիտեն, ո՛չ գրի զորություն. մեր աստղը մեկ անգամ թեքվել ա. էսպես էկել ենք, էսպես կէրթանք. ամեն մեկ խոսքդ մեկ ջավահիր աժի, ամա ո՞ւմ ասես: Գիլի գլխին ավետարան կարդացին, ասեց՝ շուտ արեք, սուրուն գնաց: Բիլանա բիր, բիլմիանա բին. թուրքն ա ասել (իմացողին մեկ, չիմացողին