Էջ:Վերք Հայաստանի 40.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երանի՛ խաղաղարարաց, կամ թե՝ Թշնամուդ գլխին կրակ կածես, թե որ նրան սի՛… ռը՜… ղռ՜… րե՜ս… Վա՜յ քո հերն էլ անիծած, քո մեռոն քսողինն էլ, քո օխտը պորտին նալլաթ, քեզ բարի օր ասողին, բարի լիս տվողի շլինքը հախ միսն տերը կոտրի, էս ի՞նչ ա իմ հալը,— տերտերը բուխարուց ձեն տվեց՝ գլուխը քորելով, միրուքը թափ տալով: — Էս ի՞նչ անիծած մարդի ռաստ էկանք էսօր, տո՛, հենց ամեն բանն էլ թարս ա գալիս: Հարամ ըլի է՛ն հացն էլ, է՛ն ջուրն էլ, խաթա-բալի մեջ ընկանք, է՛լի: Էս ի՞նչ կրակ ա, որ մեզ էրում ա:

Իրավ որ ողորմելի կարգավորը կրակի մեջ էր ընկել: Չունքի ինչ սհաթի որ նա մոտացավ, որ տանդրոջ սիրտն առնի, էլ չէ՛ր մտածում, թե նրա արինն ու հերսը աչք ու միտք կալել, քոռացրել էին: Անաստված տանուտերը էնպես մեկ սաստիկ դուռթմա (մուշտի) տվեց էս քո խեղճ տերտերի դոշին, որ փիլոնը մի տեղ ընկավ, գդակը՝ մի, ու ինքն էլ չոքըչոք անելով՝ գլուխն էնպես բուխարու աթարի կրակի մեջն ընկավ, որ երես-մերես բոլոր խանձվեցավ: Խեղճի բերանը մրով, մոխրով լցվել էր, միրքի կեսը հո, կես տարի անջախ դուս կգար, էնպես էր քոքիցը խանձվել, պլոկվել: Էստեղանց էր է՛ն քաղցր օրհնությունը տալիս, որ մեկ դուռթմի էլա ինքը չի՛ դիմացավ ու ուզում էր, որ մեր խեղճ թանակոլոլ, մեղրաթաթախ, վարդահոտ տանուտերին ճամփու բերի:

— Ժամումը գլխըներս տանում են, հերիք չի՛, գոմումն էլ են ուզում իշխանություն բանացնեն, ախր ի՞նչպես մարդ համբերի,— վրա բերեց տանուտերը:— Ձեր օրհնողին ի՞նչ ասեմ. նալլաթ չար սատանին, բերանս ի՞նչ ա գալիս, ետ գնում:

Էլի երկար էսպես քթի տակին մռթմռթում էր տանուտերը, որ գզրին փախցրին, պահեցին: Աստված բարի ճամփա տա, որ էնպես ղալաթ բան մյուս անգամ չբռնի՛, և մեր գրի սև ու սպիտակը ճանաչողներին էլ խելք, իմաստություն տա, որ էսպես տեղը իրանց պատիվը չկորցնեն:


4


Տանուտերը գեգջանգեջ աչքը բաց արեց, դուռն ու պուճախն ընկավ, որ իր սիրտը մի քիչ հովացնի, բայց գզիրը թռել էր: Քեդխուդեքը մեկ կողմից, կնիկը մյուս կողմիցը թոփ էլան,տանդրոջ սիրտն առան, տերտերին էլ բարշացրին, տանդրոջն էլ, գզիրն էլ էկավ, չոքըչոք ոտներն ընկավ, մեղա ասեց, ձեռը պաչեց, մեկ թաս արաղ էլ կոնծեց. ծուխն էլ քիչ-քիչ պակսեց, բուղն էլ, ամեն բան սկսեց իր կարգն ընկնիլ: Տերտերը «Պահպանիչն» ասեց, քեդխուդի մեկը՝ «Եվ ևս խաղաղությունը», տանտիկինը «Ամեն» ձեն տվեց, տանուտերը՝ «Մեղա Աստուծո», «Հայր սուրբ, զքեզ