Էջ:Վերք Հայաստանի 53.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի՛ անիր, մի՛ ըլիր, ջա՛նմ, գյո՛զմ. քո ջիվան ջանիդ էլա ղադր արա՛, տո՛, բեմուրվաթ: Աստված, էս ի՞նչ զուլում էր, որ մեր գլխին էկավ: Ո՜վ զինավոր սուրբ Գեորգ, ո՜վ սուրբ Կարապետ, դուք մեզ քոմակ արեք: Տղերք, կորե՛ք, կորե՛ք, որ ձեր իզն ու թոզը ըստեղ չէրևա: Տո՛, մեկդ ու մեկդ հասե՛ք տանդրոջ մոտ, անկաջաբռնուկ տվե՛ք, ա՜յ նրա տունը չքանդվի, ինչ քանդվեց. գինին գլխին զահրըմար ըլի.աշխարքս արինը բռնել, ծով ա դառել, մեր ախմախ քեդխուդեքը նստել, քեֆ են անում, ա՜յ թե մարդ են, հա՛: Տո՛, քեֆն էլ գլխըներին խռով կենա, խաչն ու ավետարանն էլ: Տնաքանդնե՛ր, տո՛, մի աշխարքի դարդիցն էլ խաբար առե՛ք, է՜. ախր ի՞նչ եք տան չորս պատը ու գինու գավն ու թասը բռնել, լակում, տրաքում: Տո՛, Վա՛թո, հասի՛, հասի՛, վազի՛, թև ա՛ռ, թռի՛. մարաքեն քանի կենում ա, չաղանում ա. հենց էս սհաթը կգան, մեզ կտանին, բերդը կածեն: Աղասի՛, Աղասի՛, քառանաս ո՛չ, Աղասի՛. փախի՛ր, փախի՛ր, էդ շներիցը գլուխդ ա՛ռ, կորի՛ր, էդ ի՞նչ արիր, տնով քանդված. մեր դուռը շարեցիր, մեր տան հիմքը տակըվեր արիր, տո՛, բե՛մուրվաթ:

Բայց թոփ էլ տրաքեր, նաղրախանա էլ ածեին, Աղասին չէ՛ր իմանալ. ղորդ որ քառացել էր. էլ ո՛չ անկաջն էր իրանը, ո՛չ ջանը, ո՛չ աչքը, բայց խելքն ու ձեռը լավ իմանում էին, թե ի՞նչ բանի վրա են: Արինը աչքերը կոխած՝ ռաշիդ երիտասարդը հենց էսպես բանի էր ման գալիս, որ իր ձեռի ղվաթը, իր թրի հունարը շհանց տա: Ախր էլ ո՞ր օրվան համար են թուր կապում: Ջիրիդատեղիցը վարավուրդ էր արել, որ աշխարքն իրարոցով դիպավ ու ձենը կտրեց:

— Տղե՛րք, էստում մեկ բան կա, գնա՛նք, մեր բարիկենդանը հարամ էլավ,— ասեց ու թռավ:

Հենց տեսան նրան գալիս, բնությունը իմանալով՝ հարիր տեղից ձեն տվին, ձեռով, գդակով արին, որ հեռանա. բայց շունչը բերնին դեմ էր առել, էնպես ձին չափ էր քցել. էլ մաջալ չէ՛ր անում, որ տեսնի՝ թվանքը լիքն ա երա՞բ, թե դարտակ: Առյուծի պես ներս ընկավ հսկա երիտասարդը. ճամփին անկաջովն էր ընկել, թե ի՞նչ խաբար ա: Երկուսի գլուխը սրբելեն ետև, մյուսներն ուզեցան, որ թուր հանեն, բայց քաջն Աղասի որ բերանը բաց չի՛ արեց՝

—Դժո՛խքի որդիք, ձեզ ո՞վ ա ղրկել էստեղ, ո՞ւմ վրա եք էդպես կատաղել: Ասենք, թե հայը ձեն չի՛ հանում, պետք է նրան սաղ-սաղ ուտե՞ք: Աչքըներիդ լիսը կթռցնեմ էս սհաթը, կորե՛ք, թե չէ ամեն մեկդ ճուտի պես առաջիս կթպրտա: Քանի էս կուռը վրես ա, դուք էստեղանց թել չե՛ք կարող դուս տանիլ:

Որ չասեց ու մեկի էլ ուսը վեր բերեց, մյուսի աղիքը վեր ածեց, էն