Էջ:Վերք Հայաստանի 61.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դուք իմ հոգուս ողորմի կտաք, դուք իմ էրեսիս հող կքցեք․ կըլի, թե բազընի սիրտը մրմնջա, կըլի, թե բազինն էլ մեկ կաթ արտասունքի ինձ արժանի համարի․ բայց, ա՜խ, լեզուս պապանձվում ա, որ միտք եմ անում, ձեռներս թուլանում․․․ Ա՜խ, մեկ դարտակ շնորհակալություն էլա իմ բերնիցը չե՛ք կարող լսիլ։ Էլ ի՞նչ եմ անում դժոխքը։ Քանց էս էլ մեծ դժոխք ո՞ր կըլի, որ ձեզանից հեռանամ, ձեր խոսքը չիմանամ, ձեր էրեսը չտեսնիմ։

Էս տեսակ մտածմունք էին մեր խեղճ հալևորի ուշ ու միտքը բռնել, գրավել։ Ուզում էր տերտերի փեշերն էլ համբուրի․ էրեսին էր քսում, աչքերին էր քսում, նրա ձեռը իր ծոցն էր տանում յա բերնին էր դնում ու հոտ քաշում։ Նաչար քահանեն մնացել էր մաթալ․ թե աչքին էր հուպ տալիս, բերնիցն ու քթիցն էր ծուխ դուս գալիս․ թե ձեռը բերնին էր դնում, աչքերն էին իրանց աղի ծովը բաց թողում։ Ասեր, ինչ անց էր կացե՛լ․․․ վախում էր, թե ողորմելի ծերը գնա, էլ ետ չի՛ գա․ թե չէ՛ր ասում, ի՞նչպես կմնար բանը թաքուն, աշխարքը դմբդմբում էր։ Բալքի թե որդին մեռներ, ու հոր աչքը մնար կարոտ, որ մեկ էրեսն էլա տեսնի։ Ի՞նչ աներ, աչքը մնացել էր դռանը․ ինքը ղիմիշ չէ՛ր անում, որ ջրատար հալևորի էլած հոգին իր ձեռին դուս գա․ սիրտը քրքրվում էր, աղքընեըը կտրատվում էին, մնացել էր էրկու սրի արանքում․ դվորը շարժում էր, իրան էր կտրում։

― Օհանե՛ս ջան, ո՛րդի, վե՛ր կաց, մի քիչ գնանք դուս, մա՛ն գանք, էրեսներիս հով դիպչի, ինչ ենք տան պուճախը բռնել, նստել։ Օրը տաքացել ա, հավեն կոտրել․ գնա՛նք, աստծու էրեսն էլ մի տեսնինք,— գեջդանգեջ բերանը բաց արեց էրվելով աստվածահոգի քահանեն ու տանուտերի գլխին, միրքին պաչ անելով՝ ուզում էր մեկ մհանով վեր կացնի, որ բալքի թե դուս գնալիս՝ ձենն անկաջն ընկնի, չիմանա, թե ի՞նչ խաբար ա, ուրըշների հետ խառնվի, գնա, իրան աչքովը տեսնի, չունքի որ անկաջի լսածն ուրիշ ա, աչքի տեսածն՝ ուրիշ, ու քանի ցավը հեռու ա, ավելի ա քյար անում, բայց երբ առաջներիս ա, մնում ենք թմբրած, մինչև յարեն իրան֊իրան սկսում ա կամաց-կամաց սզլթալ, մրմնջալ ու ետո սաղանալ։

― Էս մեկ թասն էլ խմե՛նք, տերտեր ջա՛ն, ետո ո՞ւր տանում ես, տա՛ր ինձ․ այսուհետև քո եսիրն եմ, քո շունն եմ․ որ գլուխս կոխես էլ, ձեն չե՛մ տալ։ Ախր Աղասուն էլ էսօր, սաղ օրը չե՛մ տեսել․ առավոտը տանիցը դուս ա գնացել, չի՛ էկել․ բաս նրա ջիրիդ խաղալը չի՞ պետք է տեսնիմ, բաս նրա աչքերին չի՞ պիտի պաչ անեմ։ Առանց նրան կես սհաթ չե՛մ կարալ ապրիլ։ Գնա՛նք, ա՛չքիս վրա, կենդանություն, աստված կարգիդ հաստատ պահի։