Էջ:Վերք Հայաստանի 69.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու կոտորվում. բաս ի՞նչ աներ հայոց խեղճ ազգը, որ Նոյան գեսը, վեց հազար տարի, ո՛չ թե քրիստոնեի կամ լուսավորյալ ազգի, այլ հեթանոսի, կռապաշտի, մահմեդականի, անօրենի ձեռին էր աչքը բաց անում, նրանց հետ քյալլա տալիս ու շատին, շատ անգամ, իր ոտի տակը քցում, բայց կարո՞ղ է վարդը ծովիմիջում զորանալ, մանիշակը՝ կրակի առաջին դիմանալ. կարո՞ղ է կակող ցորենի հասկը է՛ն կայծակին ու կարկտին համբերիլ, որ մեր ազգը իր թշնամուն համբերել էր յա դիմացել:

Հայո՛ց ազգ, Հայո՛ց ազգ, ձեր ջանին մեռնիմ, Հայո՛ց ազգ, քո հողին մատաղ, Հայո՛ց աշխարհ. էն ո՞ր կաթը դուք ծծեցիք, է՛ն ո՞ր մեջքը ձեզ բերեց, է՛ն ո՞ր ձեռը ձեզ գրկեց, է՛ն ո՞ր բերանը ձեզ օրհնեց, որ դուք է՛ս հոգին ունենաք, է՛ս սիրտը ձեր միջումն ըլի, է՛ս հրաշքը դուք աշխարքին ցույց տաք: Է՛ն ի՞նչ աչք պետք է ըլի, որ քոռանա, ձեզ չտեսնի, ձեր ղադրը չիմանա. է՛ն ի՞նչ բերան պետք է ըլի, որ կապվի, ձեր փառքը չգովի, ձեր անունը չպաշտի. է՛ն ի՞նչ քարացած սիրտ պետք է ըլի, որ ձեզ չսիրի, ձեզ իր հոգին մատաղ չտա: Օրհնեցե՛ք ռսի ոտը, ջան-ջանի տվե՛ք, իրար սիրեցե՛ք, դուք է՛ն աշխարքի ծնունդն եք, է՛ն ազգի զավակը, որ աշխարհ ամենայն զարմացրել են ու կզարմացնեն: Դո՛ւք, դո՛ւք իրար պահեցե՛ք, ինչպես ձեր նախնիքը, դո՛ւք իրար թասիբ քաշեցե՛ք, ձեր նախնիքը միտք բերե՛ք, ձեր հողն ու ազգը պաշտեցե՛ք, ես ետ եմ դառնում էլի իմ պատմությունն անեմ, բայց աչքս ճամփի ա, անկաջս՝ ձենի, ձեր ջանին ղուրբան. չթողա՛ք, որ էս մուրազը հետս գերեզմանս տանիմ, ու հողումն մարմինս քրքրվի, երկնքումը հոգիս տանջվի, երբ իմանամ, թե ձեր սերը պակսել ա, ձեր բարեկամությունը ցամաքել:

Գնա՛նք Երևանու բերդը, օրը մթնում ա, խավարը բռնում, աչքերս սևանում, սիրտս տրորվում, ու ինչ տեղ որ ծնել եմ, է՛ն հողն էլ ա աչքիս փուշ դառել, սրտիս՝ դանակ: Ղուշն իր բունը սիրում ա, ես իմ հողը ատում, փնովում, չունքի լսած ու տեսած բաներս կրակ են դառել, սիրտս էրում, փոթոթում, չունքի Երևանա բերդի հողի ու ջրի շատ փայը, հե՛նց բռնիր, հայի արընով ա շաղախած. ի՞նչպես անեմ, ո՞ր ջուրն ընկնիմ, որ սիրտս հովանա, յա մեռնիմ, պրծնիմ, ու էս դարդերը ինձ սաղ-սաղ չուտեն, չսպանեն:

Երևանու բե՛րդն, Երևանու բե՛րդն, ուր որ,— քանի Հայոց թագավորությունը իր աշխարքիցը ձեռք վերցրեց, ու քրիստոնեությունը դառավ Հայոց ազգի հույսն ու ապավենը, ու երկնից արքայությունը, ու պարսիկ, օսմանցիք հռովմայեցոց գլուխը Եվրոպա ուտելով, հունաց ազգը էնտեղ տանջելով, ասորոց, բաբիլոնացոցը՝ Ասիա վերջացնելով, թուրըները սրած, կատաղած ասլան-ղափլանի պես, մեկն էս դհից, մյուսն՝ էն, մեր ազգի արնին էին