Էջ:Lilit 13.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

― Այնտեղ երկիրն է՝ չոր ու տատասկոտ։ Թող կորչի երկիրը․ ես սիրում եմ քո պարանոցը, Լիլիթ։ Քո պարանոցը բարձր է ու սպիտակ, ավելի բարձր է ու սպիտակ, քան ցարասիները[1], որ նուրբ ու քնքուշ հասակով կանգնել են դրախտի դռների վրա։

Եվ Լիլիթ աչքերի ծիծաղով՝ երկարացրեց պարանոցը, և Ադամ համբուրեց պարանոցը և նորից համբուրեց տենչանքով։

— Ադա՛մ, ո՞վ է ապրում երկրի վրա։

― Սատանա՛ն է ապրում, Լիլի՛թ, սակայն թող կորչի սատանան։ Ես սիրելով սիրում եմ քո բերանը, Լիլի՛թ։ Դրախտի հրաշալիքն է քո բերանը, Լիլի՛թ․․․

― Ադա՛մ, ո՞վ է սատանան,— ընդհատեց Լիլիթ նրա սրտի զեղումը։

― Աստծու հակառակորդն է նա։ Հրեշտակ էր նա, հրեղեն՝ և՛ իմաստուն, և՛ գեղեցիկ, սակայն ըմբոստացավ աստծու դեմ. ուզեց նրան հավասարվել։ Եվ աստված պատժեց նրան, երկնքից ներքև թոթափեց նրան իր ընկերներով՝ հավիտյան նզովելով նրանց։ Եվ թող նզովվա՛ծ լինեն նրանք։

Ես սիրում եմ քո բերանը, անսպառ և անհուն հրապույրների, անանուն վայելքների նեկտարն է քո բերանը, ուսկից ոսկի մեղուն ամենաքաղցր մեղրն է շինում։

Քո լեզուն բոլոր սոխակների սիրատարփ երգերն ունի, և բոլոր թռչունների ճռվողյունից ավելի անուշ է քո լեզուն։ Քո շրթների մի քաղցրանուշ համբույրով ես ողջ դրախտը վայելած կլինեմ․ լիաճոխ ճաշակած կլինեմ ողջ տիեզերքն ու հավիտենականը քո շրթների միմիակ համբույրով…

Եվ Ադամ տարփակեզ շրթները կարկառեց՝ Լիլիթի բերանը համբուրելու, սակայն Լիլիթ ձեռքով գոցեց Ադամի բերանը և, ուժգին ետ մղելով նրան, իսկույն մի ցունցով ոտքի ելավ։

Ադամ թալկացած ընկավ գետին։

— Քունս տանում է,— ասաց Լիլիթ,— վաղը կսպասես ինձ լճափին։

Եվ թռունի քայերով թռավ սուզվեց գիշերային ստվերների մեջ։

Ադամ խավարած աչքերով հետևում էր հեռացող, կայծկլտող, փայլուն Լիլիթին։

Ադամ առավոտ աչքերը բացեց, տեսավ գլուխը գետնին, և Լիլիթ չկար։ Կարծես թե՝ երազի մեջ էր։ Աչքերը նորից գոցեց, սակայն Լիլիթ նորից չկար։

Հանկարծ միտքն ընկավ Լիլիթի վերջին խոսքերը։

Արագ քայլերով շտապեց լճափ և, աչքերը սևեռած դրախտի բոլոր շավիղներին, սկսեց սպասել։

  1. ցարասի — ծառատեսակ, կեչի