Էջ:Lilit 15.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ադամ բոլոր շնչով ձայնեց և հետապնդեց նրան.

— Լիլի՛թ, կանգնիր, ո՞ւր ես գնում, կանգնիր։

― Քեզ ի՞նչ, ուր եմ գնում, ինչո՞ւ ես հետևում ինձ․― բարկացայտ պատասխանեց Լիլիթ։

— Ի՞նչպես թե՝ քեզ ինչ։ Չէ՞ որ աստված ուզեց, որ հետևեմ քեզ, և դու հնազանդիս ինձ…

― Ես քեզ հնազա՞նդ։ Դու ո՞վ ես, ո՞վ։ Կորի՛ր աչքիցս, կո՛շտ հողի կտոր,— արհամարհոտ գոչեց Լիլիթ և բոցերի պես օդի միջով սուրաց, անհայտացավ։


Ադամ համբերությունը հատած՝ ուղղակի գնաց աստծու մոտ գանգատի։

― Տե՛ր իմ, այս ի՞նչ ընկեր տվիր ինձ,— ասաց Ադամ զսպած բարկությամբ.— քո հրամանին երբեք չանսաց[1] նա. չհնազանդեց ինձ։ Հրապուրում է ինձ, տոչորում և ապա ծարավ թողնում, հեռանում։ Այրվում եմ, երբ հեռու եմ լինում նրանից, այրվում եմ նորից, երբ մոտն եմ լինում նրա։ Չար կրակ է նա, կիզող-կրակի կտոր, տանջվում եմ, հատնում եմ ես…

Աստված հանգստացնելով Ադամին՝ ճանապարհ դրեց։ Եվ կոչեց Լիլիթին իր մոտ։ Սակայն Լիլիթ չեկավ աստծու ձայնի վրա։ Աստված սրտմտած ուղարկեց Սենոյի և Սանսենոյի հրեշտակներին, որ գտնեն բերեն իր աթոռքը անհնազանդ Լիլիթին։

Լիլիթին բերին։ Նա աչքերր խոնարհած կանգնել էր աստծու առաջ։ Արարիչը սաստեց նրան, ասելով․

— Ես ստեղծեցի Ադամին հողից և քեզ կրակից, որ իրար լրացնեք։ Պիտի սիրես և մանավանդ հնազանդ պիտի լինես նրան, քո ամուսնուն, որովհետև ես քեզ նրա համար ստեղծեցի։ Եթե չհնազանդես, գիտցիր, որ խիստ կպատժեմ․․․ Գնա հիմա Ադամի մոտ, այդպես եմ կամենում ես…


Վտակի ափին, ուռենու տակ, տխուր նստել էր Լիլիթ։ Թախծանուշ դեմքը մարգարիտի պես գունատ, ճակատը բազուկին հենած։ Եվ մազերը պճնող դրախտավարդերի պսակը թառամել էր արդեն․․․

Ադամ, որ սպասում էր նրա դարձին, եկավ նստավ նրա կողքին և, վախով բռնելով նրա ցուրտ ձեռքը, ամբողջովին գուրգուրանք դարձած՝ շշնջաց մեղմիկ․

― Լիլի՛թ, հոգո՛ւս հոգի, ինչո՞ւ ես տխուր, ինչո՞ւ ես այդպես տխուր։ Ինչո՞ւ չես ժպտում, ի՛մ գեղանուշ։

  1. չանսալ - չլսել, չհպատակվել, չհնազանդվել