Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա։ Յերբ պատահում եր հանցավորին վոտքը գետին դնել, նա իսկույն մտրակով զարկում եր վոտին։ Այդ սատանայական պատժին յես այն աստիճան սովորած եյի, վոր յերկար կարողանում եյի սագի նման մեկ վոտքի վրա կանգնած մնալ։


Մեր դպրոցը ուներ յուր ուրիշ խստությունները։


Վաղ առավոտյան պետք ե դասատուն գայինք բոլորովին անոթի, առանց մի պատառ հաց անգամ բերան դնելու։ Թեյի կամ սուրճի գործածությունը այն ժամանակ դեռ մեր յերկրում մտած չեր: Իսկ յեթե մեր տներում գտնված թանից կամ մածունից նախաճաշիկ անեյինք, դրա համար սաստիկ պատիժներ եյին նշանակված։ Վարժապետը ասում եր. «կուշտ փորով չի կարելի դաս սովորեր յերբ մարդ մի բան ուտում ե խելքը պակսում ե»։ Յեվ նա որինակ եր բերում ճգնավորներին, վարդապետներին, վորոնք վոչինչ չեյին ուտում, բայց իրանցից գրքեր եյին շարադրում։


Հիշյալ պատվերը մենք կատարում եյինք ամենայն ճշտությամբ. զեղծումներ անել նրա դեմ անկարելի յեր, վորովհետև վարժապետը սատանայի պես իմանում եր, յերբ աշակերտը մի բան կերած եր լինում։ Ահա ինչպես եր իմանում. նախ քան ուսման սկսվիլը, վարժապետը վոր աշակերտի վրա կասկած ուներ, սկսում եր նրա լեզուն քննել, վոր տեսնի արդյոք նա իր ծոմը լուծել եր, թե վոչ: Հայտնի բան ե, անսվաղ մարդու լեզուն ավելի սպիտակ գույն ե ունենում, նրա մակերևույթի վրա ճերմակ փառ ե նստած լինում, իսկ յերբ մի բան ուտում կամ խմում ե, լեզուն մաքրվում ե և ավելի կարմիր գույն ե ստանում։ Այդ պատճառով մենք ամեն առավոտ վոչ միայն վոչինչ չեյինք ուտում, բայց մինչև անգամ վախենում եյինք յերեսներս լվանալու ժամանակ բերաններս մաքրել ջրով, վոր չիցե թե մեր լեզվի ճերմակությունը սրբվի և վարժապետը ասե թե ծոմը լուծել ենք։


Յեվ այսպես մինչև կեսոր մենք պարապում եյինք բոլորովին սոված փորով, գլուխներս պտտվում եր, աչքըներիս առջևը սևանում եր քաղցածությունից, դարձյալ վոչինչ չեյինք կարողանում սովորել:


Մեր ժամացույցը պատի ստվերն եր, վորը գետնի վրա մինչև մի նշանակյալ խազ հասնելը գիտեյինք թե արդեն կեսոր ե։ Այն ժամանակ միայն թույլտվություն եյինք ստանում ճաշելու։ Բայց վորքան անհամբերությամբ սպասում եյինք, մինչև ստվերը հասնում եր խազին։ Կարծես արևն ել մեր վարժապետի նման սիրտ չուներ, նա միշտ դանդաղ և դանդաղ եր գնում, և ստվերը խիստ թույլ կերպով եր տարածվում։


Ճաշը ուտում եյին դասատան մեջ։ Աշակերտները իրանց հետ եյին բերում բոլոր պաշարը և անուշ պատառներից բաժին եյին