Էջ:MrrkahaviYergy2.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ճախրում համարձակ, խիզախ և ազատ՝
Ծովի ալևոր[1], ճերմակ փրփուրում։
Ավելի մռայլ ու ծանր են իջնում
Ամպերը ծովի հարթության վրա,
Եվ ալիքներն են երգում ու պարում՝
Թռչելով դեպի որոտը պայթող։
Ցասման փրփուրում որոտն է թնդում,
Ալիքներն են հորդ՝ վիճում քամու հետ,
Եվ ահա հանկարծ գրկում է քամին
Ամպերի երամն անդուլ գրկանքով,
Եվ շպրտում է ամեհի թափով,
Վայրի բարկությամբ, ժայռերի վրա,
Փշրում է, ցրում, դարձընում փոշի
Նրանց զմրուխտե կույտերն ահագին։—
Մրըրկահավը ճախրում է ճիչով,
Կայծակի նման ամպերը ճեղքում,
Պոկում է թևով փրփուրը ջրի,
Ճախրում է ահա, ինչպես հզոր դև,
Սև, անագորույն[2] ոգի փոթորկի,—
Ե՛վ ծիծաղում է, և՛ խուլ հեկեկում․․․
Որոտի ցասման, վրդովմունքի մեջ
Նա— զգայուն դև— վաղուց է արդեն
Հոգնություն տեսնում։— Համոզված է նա,
Որ չեն պարուրի[3] ամպերն արևին,
Չե՛ն ծածկի ընդմիշտ, չե՛ն ծածկի, օ, ո՛չ։―
Ոռնում է քամին․․․ Որոտը թնդում․․․
Կապույտ բոցի պես ամպերն են վառվում
Ծովի ալեկոծ[4] անդունդի վրա―
Բռնում է ծովը կայծակի նետերն
Ու իր ահռելի ընդերքում մարում։
Կրակե կարմիր օձերի նման
Ե՛վ գալարվում են, և՛ կորչում ծովում
Այդ կայծակների ցոլքերը բոսոր։

  1. ալևոր ― փխբ․ փրփադեզ
  2. անագորույն ― անգութ, դաժան
  3. պարուրել ― պատել, ծածկել
  4. ալեկոծ ― ալիքներից ծեծված