Էջ:Nar-Dos Stories24.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հեծկլտալ։— Սրանից ավելի ի՞նչ պտի անեն։ Սպանե՞ն, թող սպանեն։ Ջանս էլ ա կդնջանա։ Էլ խո ամեն օր դաղդղորիկ չեն ածի։ Գիշերները չեմ կարում քնի՝ մղկտոցից,— ավելացրեց նա և արտասուքը նորից սկսեց գլգլալով թափվել նրա աչքերից։

Պառավ Հեղնարն այլևս չկարողացավ դիմանալ։ Նրա գլուխը դադարեց օրորվելուց, հանգած աչքերը վառվեցին հուսահատական վճռականության կրակով և պառավ մարմինն սկսեց դողդողալ ներքին բուռն զայրույթից։

— Լա՜վ, մնա։ Էլ չգնաս, էլ չգնաս էն կապելու գժերի տուն,— բացականչեց նա։― Ես նրանց աղջիկ չեմ տվել, որ համ քոծի պես բանեցնեն, համ էլ տակները դնեն, ջարդեն։ Մումի պես հալել մաշել, են, հալվի ու մաշվի նրանց ջանը։ Անտեր չես, ես հըլա չեմ մեռել։ Կաց, էլ չգնաս։ Հալբաթ մի կտոր հաց էլ քեզ հմար կճարենք, որ…

Խոսքը չվերջացավ պառավի բերանում․ գժված գոմշի պես ներս ընկավ մի ահագին մարդ, այնքան ահագին, օր ներս ընկնելուն պես կասես լցրեց իրենով այդ փոքրիկ խրճիթը։ Անանի մարդն էր, դրոգապան Յագորը, իր դրոգի պես կոպիտ ու անտաշ, իր հսկա ձիու պես խոշոր ու ջլապինդ։ Գլխին գդակ չուներ, արևառ երեսն այնքան թավամազ էր, որ մորուքն ու բեղերը կասես խառնվել էին իրար․ կուրծքը բաց էր, կապույտ արխալուղով և այնքան լայն շալվարով, որ եթե տոտերը հաներ անկրունկ երկարաճիտ լափչիների միջից, կկարծեիր, թե կանացի շրջազգեստ ունի հագին։ Կատաղությունից փայլում էին նրա ահագին աչքերը թավամազ, սև հոնքերի տակ, մեծ քթի պնչերը փռնչում էին հոգնած ձիու ռունգների պես լայնացած։

Կինը նրան տեսնելուն պես վայրկենաբար դադարեց լալուց, վեր թռավ տեղից և վազեց կպավ պատին մեռելի պես գունատված։

— Ես քու…— գոռգոռաց մի սարսափելի հայհոյանք և Յագորը սպառնագին մի քանի քայլ արավ դեպի նա։

Պառավ Հեղնարը վեր թռավ տեղից և ուզեց կտրել նրա ճանապարհը, բայց նա ձեռքի մի թեթև շարժումով նետեց նրան նորից դեպի թախտը և իր հսկա հասակով գնաց կանգնեց վախից տերևի պես թպրտացող կնոջ առջև։

— Վո՛ւյ, չխփես, Յագոր ջան… հոգուդ մեռնեմ, չխփես, ջանս ցավում ա,— աղաչեց Անանը գլուխը երկարացրած և երկու ձեռքով պինդ գրկած իր ոսկրացած ուսերը։

—Չխփե՜մ, չխփե՜մ,— որոտաց Յագորը կատաղի աչքերը փայլեցնելով նրա վրա։— Բա ի՞նչ անեմ։ Աչքերդ պաչե՞մ, որ էն պառավը