Էջ:Nar-Dos Stories30.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զբոսնում էին աշնանային արևի ախորժելի ջերմ ճառագայթների տակ և ջարդում էին ֆրանսերեն կանանց հատուկ անդադրում շատախոսությամբ և խոսքերը խլելով իրար բերանից։ Երկայն պատշգամբով անցնելիս աշխատում էր քայլել այնպես, որ նրանք չտեսնեն անդրավարտիքի մաշված, տեղ-տեղ պատռված տոտերը։ Խոհանոցին որ մոտեցավ, լսեց մի փշշոց և թշշոց և նրա քթովը դիպավ այնքան ախորժելի մի հոտ, որ նրա անոթի փորում բոլոր աղիքները ոլոր-մոլոր եկան։ Ինչպես երևում էր, վառիկներն արդեն տապակվում էին՝ թեյի հետ վայելելու համար։

Պատրիկյանը իջավ բակը և դեպի փողոց տանող լայն միաջանցքի մեջ, բակի դռան մոտ, տեսավ հարևան գիրուկ ու կլորիկ հրեա կնոջը՝ նստած տաբուրետի վրա, երկայն ու նեղ սեղանի ծայրին, որի վրա որոշ կանոնավորությամբ շարված էին ամեն տեսակ դանակներ, մկրատներ, կողպեքներ, աքցաններ, մուրճեր, բզեր, պորտմաններ և այլ ու այլ մանրուքներ։ «Երջանի՛կ կին. համ ինքն է ապրում իր ահագին ընտանիքով, համ էլ սենյակի վարձն է տալիս ամենայն ճշտությամբ ու չի վայելում տանտերերի թուքն ու մուրը»,— մտածեց Պատրիկյանը, և հրեուհու մոտով անցնելիս բարևեց նրան։

— Զաչեմ շեղոդնյա նե բղալի գաղյաչեյ վադը (ինչո՞ւ այսօր տաք ջուր չվերցրիք),— կանչեց նրա հետևից կինը ռուսերեն, հրեաներին հատուկ առոգանությամբ սշ և րղ հնչելով։

Պատրիկյանը կանգ առավ և նայեց նրա բարի, գիրուկ դեմքին։

— Որովհետև շաքարս հատել է,— պատասխանեց նա մի տեսակ անհոգությամբ։

Հրեուհին զարմանքից մինչև անգամ վեր կացավ տաբուրետից։

— Այ՛ քեզ բան,— բացականչեց նա։— Շաքար էլ կտայինք, ինչ կա որ։

— Չէ, առանց այն էլ ես շատ եմ պարտական ձեզ։

— Ի՞նչ պարտական։ Ամեն օր մի քանի բաժակ տաք ջուր տալով մեծ բա՞ն ենք արել, ի՞նչ է։ Շաքար չունեիք, կասեիք մի երկու կտոր շաքարն ի՞նչ բան է։

— Բան չկա, մի օր թեյ չխմելով չենք մեռնի,— ասաց Պատրիկյանը, ծիծաղեց նույն անհոգությամբ և շտապեց դուրս գնալ փողոց։

Այդ փողոցն իսկապես քաղաքի վաճառաշահ շուկաներից մեկն էր՝ լի աղաղակով և ժխորով։ Ժամը տասին մոտ էր։ Արևը նոր սկսել էր հալել գիշերը կտուրների վրա նստած եղյամը, որն այժմ ջուր դառած՝ կտկտալով թափվում էր երկայն ջրախողովակներով ներքև և փոքրիկ