Էջ:Nar-Dos Stories39.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարիներ, համարյա թե օրը օրին գրի է անցրել իր անհատական կյանքի անցուդարձը։

Բոլոր կողմնակին, անհետաքրքականը բաց թողնելով, ես ընտրեցի և մի ամբողջական պատմվածքի վերածեցի միայն այն գրանցումները, որոնք հիշատակարանի ուղնուծուծն են կազմում և պարզում «կորած մարդու» տրագեդիան։

Այս էլ ասեմ․ «կորած մարդը» իր հիշատակարանի այն մասը, որ վերաբերում է իր անկման տրագեդիային, վերնագրել է «Ես և նա»։ Այդ վերնագրով էլ տալիս եմ տպագրության։

Նար-Դոս


ԵՍ

Ես սիրում էի նրան։

Կրկնե՞մ արդյոք սիրո այն խոսքերը, որոնք այնքան ծիծաղելի ու տաղտկալի են թվում կյանքի հմայքը կորցրած սկեպտիկներին, բայց որոնք մի-մի հայտնություններ են նորաբողբոջ սիրող սրտերի համար։

Ամեն անգամ, որ նայում էի նրա զարմանալի պայծառ աչքերին, որոնց մեջ կարծես արևն էր վառվում, ամեն անգամ, որ լսում էի նրա կենսաթրթիռ ծիծաղը, որի մեջ կարծես գարնանային չարաճճի վտակ էր քչքչում, ամեն անգամ, որ առնում էի նրան գիրկս ու ականջիս մոտ լսում նրա կուսական կրծքի հևքը, այտերիս վրա զգում էի նրա թավիշ մազերի էլեկտրականացնող շփումը,– ինձ տիրում էր այնպիսի այնպիսի մի խենթ զգացում, որի ազդեցության տակ պատրաստ էի գործել և՛ ամենամեծ առաքինությունը, և՛ ամենամեծ ոճիրը— միայն թե նա հրամայեր։

Սիրո՞ւմ էր նա ինձ նույնպես,— այդ ես հիմա չգիտեմ, բայց այն ժամանակ լիովին հավատում էի, որ չի կեղծում, երբ հավատացնում էր, թե սիրում է և երդվում էր, թե մահն անգամ չի կարող անջատել մեզ իրարից։

Այն ժամանակ վերջին կուրսի ուսանող էի և շուտով պիտի ավարտեի իրավագիտական ֆակուլտետը։ Վստահ երիտասարդական թարմ ուժերիս և մանավանդ հասարակական լայն գործունեության բուռն տենչանքիս վրա՝ լցված էի փառավոր ապագայի վառ հույսերով։ Ոգևորված այդ ապագայով և խրախուսված երջանիկ սիրով, բուռն եռանդով առանց հանգիստ առնելու, պատրաստում էի ավարտական դիսերտացիա, որը ապագա մեծությանս ու փառքիս հաստատուն հիմնաքարը պիտի հանդիսանար։