Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՇՇԻ ՄԵՋ ԳՏՆՎԱԾ ՁԵՌԱԳԻՐԸ

Qui n'a plus qu'un moment à vivre.

N'a plus rien à dissi nuler[1].

— QUINAULT―„ATYS“


Հայրենիքիս և ընտանիքիս մասին քիչ բան կա պատմելու։ Մարդկային խարդախությունն ու տարիների բաժանումն ինձ կտրել էին մեկից և օտար դարձրել մյուսի հանդեպ։ Ես բացառիկ կրթություն էի ստացել իմ ժառանգած հարստության շնորհիվ, իսկ մտքիս հայեցողական նկարագիրն ինձ թույլ էր տվել կարգի բերել նախկինում փութաջան ուսումնասիրությամբ կուտակած իմ գիտելիքները։ Ամենից ավելի ես հիանում էի գերմանացի բարոյագետների գրքերով, բայց ոչ այն պատճառով, որ ակնածում էի նրանց պերճախոս խենթության առջև, այլ այն հեշտության համար, որով իմ տրամաբանելու սովոր միտքը նշմարում էր նրանց սխալները։ Ինձ հաճախ էին նախատում իմ սնապտուղ հանճարի համար, երևակայությանս պակասը մեծ զանցանք էին համարում, իսկ իմ պիռոնյան մտածելակերպն ամենուր վատ համբավ էր վայելում։ Վախենում եմ, թե բնափիլիսոփայության հանդեպ հակումն ինձ իսկապես հասցրել էր մեր ժամանակի համար բավական տարածված մի մոլորության՝ բոլոր երևույթները, նույնիսկ այնպիսիք, որոնք դրա համար բոլորովին պիտանի չէին, բացատրել այդ գիտության դրույթներով։ Կարճ ասած, ես այն մարդը չէի, որին սնահավատության ignes fatui[2] կարող էին հեշտությամբ շեղել անհերքելի ճշմարտության ծիլից։ Ես հարկ եմ համարում նախապես այս ամենը հայտնել, որպեսզի իմ անելիք արտասովոր պատմությունը չհամարեք անտաշ երևակայությունից ծնված մի մղձավանջ, այլ ընկալեք որպես մի սթափ, ամեն տեսակի հորինվածք բացառող մտքի առողջ փորձի արդյունք։

Երկար տարիներ հեռավոր երկրներում ճամփորդելուց հետո, ես որևէ առիթ չունեի ինչ֊որ տեղ մեկնելու, սակայն ինձ տանջում էր ջղային մի անհանգստություն, որը, չար ոգու պես, ամենուր հետապնդում էր ինձ։ Եվ ահա 18... թվականին

  1. Նա, ում լոկ մի վայրկյան է մնացել ապրելու, թաքցնելու բան չունի (ֆր.)։
  2. Դեգերող լույսերը (լատ.)։