Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1343 Մինչև այսօր տեսել էր միշտ՝ լացով էր այր վերադառնում,
Ու երբ տեսավ երգով գալիս՝ Ասմաթը շատ էր զարմանում։
Սարսափահար տեղից ելավ, կարծես թե հենց ինքն էր հարբած։
Նա չէր լսել բերած լուրն այն, որին վաղուց էր փափագած։

1344 Երբ Ասմաթին հեռվից տեսան — ծիծաղեցին և ձայն տվին.
«է-հեյ, Ասմաթ, և մեզ հասավ ողորմությո՛ւնը երկնային.
Գտանք կորած լուսինը մեր, ինչ ուզեցինք՝ հասանք նրան,
Բախտի կամքով կրակն հանգավ, փոխվեց մեր վիշտն ուրախության»։

1345 Ավթանդիլը ցատկեց ձիուց, որ Ասմաթին գրկախառնի,
Ու նա մեկնեց ձեռքն հալվեին, որ նրա ոստն իր գիրկն առնի,
Երեսն ու վիզն էր համբուրում, ասում էր նա արտասվելով.
«Ի՞նչ իմացար, կամ ի՞նչ արիր, պատմիր, մեռա սպասելով»։

1346 Ավթանդիլը տվեց նրան նամակն ահա նրա սանի,
Դալուկ ոստով այն հալվեի և երկնային դալուկ լուսնի,
Ասաց նրան. «Նայիր և տես՝ բազմատանջ է ապրում ինչ կյանք,
Բայց մեզ արևն է մոտենում ու հեռանում ամեն շվաք»։

1347 Ասմաթը երբ նամակն առավ՝ նա ճանաչեց ձեռաց գրից,
Եվ զարմացավ ու դողդողաց խենթի նման զարհուրալից.
Ոտից մինչև գլուխ նրա մարմինն ամբողջ փշաքաղվեց,
«Ի՞նչ ես տեսա, ի՞նչ լսեցի, ճի՞շտ է միթե»—բացականչեց։

1348 «Մի՛ սարսափիր, ճիշտ է որ կա — Ավթանդիլը նրան ասավ,—
Արդ հեռացավ ցավը մեզնից և խնդությունն ինքը հասավ.
Արևը մեզ է մոտեցել, խավարն արդեն դարձել անկար.
Չարին՝ բարին հաղթանակեց և կմնա բարին երկար»։

1349 Հնդկաց արքան Ասմաթի հետ խոսեց բարի ու մեղմաձայն,
Գրկում էին նրանք իրար,— արցունք թափում ուրախության.—
Վարդի նման թևն ագռավի մանրիկ-մանրիկ ցող էր շաղում։
Թե մարդն իրոք լավ հասկանա՝ չի մոռանա աստված մարդուն։

1350 Ու փառք տվին նրանք աստծուն, ասին. «Իրոք լա՛վն արավ նա.
Արդ հասկացանք՝ երես նորին մեր դեմ վատ բան չէր ցանկանա» —
Հնդկաստանի արքան ուրախ այս էր ասում բազկատարած։
Մտան քարայր, այնտեղ Ասմաթն հյուրասիրեց մի կերպ նրանց։