Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նա Կարենինային ետ պահել գնացքի տակ ընկնելուց։ Ստեղծագործելու պահին Բալզակը սովորություն է ունեցել բարձրաձայն բանավիճել իր անհնազանդ հերոսների հետ։ Այս հերոսները չեն ենթարկվում հեղինակին, քանի որ նրանք անվերապահորեն ենթարկված են իրական կյանքի տրամաբանությանը։ Մինչդեռ գաղափարական կանխակալ լիցք ունեցող ռոմանտիկական հերոսը «ապստամբում է» իրեն շրջապատող իրականության օրենքների դեմ, Բայրոնի հերոսի խոսքով ասած՝ մարդը իր սեփական ոգու գերեզմանն է։ Անցման շրջանի ռոմանտիկական ստեղծագործությունների մեջ պարզորոշ երեւում է իրականության արտացոլման հեղինակային երկվությունը՝ մի դեպքում գրողը իր գաղափարը պարտադրում է հերոսներին, մի այլ դեպքում՝ տալիս նրանց ինքնադրսեւորման ազատություն· դա հատկապես դրսեւորվում է ֆեոդալական հարաբերություններից բուրժուական նոր տնտեսակարգի անցման շրջանի գրականության մեջ, որ մեզանում ամենից բնորոշը Րաֆֆռւ ստեղծագործությունն է։

Տեսնենք, թե ինչ կարծիքի է վիպասանը. «Պուբլիցիստիկան եւ բելետրիստիկան ձեռք ձեռքի տված էին ընթանում։ Վիպասանը նկատում էր պատկերներ ժողովրդի կյանքից, ցույց տալով նրանց տգեղ այլանդակությունները։ Տնտեսագետը հարվածում էր անխիղճ վաշխառուի եւ հարստահարիչ կապիտալիստի հարաբերությունները մշակի դասի հետ։ Մորալիստը խորտակում էր այն սեւ նախապաշարմունքները,· որ ծանրացած էին ամբոխի հոգու վրա եւ մատուցանում էր բարոյական նոր սերունդ։ Ամբողջ խոսքը բխում էր կենդանի աղբյուրից եւ տարածում էր դեպի ամեն կողմ նոր մտքերը։ Կրիտիկական ոգին գործում էր իր անխնա անգթությամբ։ Նա մտնում էր հեղինակի կաբինետը, վաճառականի խանութը, ծառայողի ատյանը, արհեստավորի գործարանը, գյուղացու խրճիթը, մեծատան սալոնը, - մի խոսքով, կյանքի բոլոր ծալքերում պտտվում էր նա եւ խավարի միջից դուրս էր քաշում ինչոր անհրաժեշտ էր» 6։

Ինչպես տեսնում ենք, մեր ճանաչած ռոմանտիկ Րաֆֆին ամենեւին էլ իր «դերում չէ», ավելին, նա առաջարկում է՝ մի կողմ թողնել երեւակայության աշխարհը, նյութ ընտրել իրական կյանքը եւ նրա դեպքերը։ Բայց նա իր առանձին ստեղծագործություններով, հատկապես՝ սոցիալական թեմատիկայի գործերով, անցման շրջանի մտածող է, ինչը ժամանակի գրականագիտությանը հնարավորություն էր տալիս Բաֆֆուն վնասազերծել մեթոդների խտրականությունից եւ ապահովել նրա անվնաս տեղը «ամենազոր» ռեալիզմի սահմաններում։ Փորձենք այս ձեւով տեղաշարժել Շիրվանզադեին, ետ տանել նրան դեպի ռոմանտիզմը, որ շատ անհեթեթ կթվա։ Սա տաղանդի եւ անհատականության հարց չէ միայն, այլ ժամանակի պար–