Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
2. ԳՐԱԿԱՆ ԺԱՆՐԵՐ

Ժանրը ըստ Բախտինի՝ գրականության եւ արվեստի քարացած հիշողությունն է ¹¹։ Հնարավոր չէ պատկերացնել մի գրական եւ արվեստի ստեղծագործություն, որ դուրս լինի այդ հիշողությամբ հաստատված ժանրային կաղապարից։ Ցանկացած արվեստի գործի, այդ թվում եւ գրական ստեղծագործության, ամբողջական ընկալման առաջնային պայմանը նրա ժանրային կոնկրետությունն է. ինչով էլ բնորոշվում է վերջիններիս գեղագիտությանը ամենալայն առումով։ ժանրի տեսությունը, ինչպես հայտնի է. հին պատմություն ունի։ Ընդհանուր գծերով այն սկսվում է Արիստոտելի փիլիսոփայական կատեգորիաների քննությունից, զուտ գեղագիտական առումով մասնավորվում նրա «Պոետիկայում»։ Արիստոտելի աշխատություններում. ինչպես նաեւ Դավիթ Անհաղթի «Փիլիսոփայության սահմանները» եւ «Պորփյուրի» ներածության վերլուծությանը» գործերում հստակորեն տարբերակվում են «սեռ» եւ «տեսակ» (ժանր) հասկացությունները. քանի որ ըստ վերջինիս «ոչ սեռի, ոչ էլ տեսակի մասին չի կարելի խոսել առանց տարբերակման» ¹²։ Ինչն է հատկանշականը։ Եթե հնագույն շրջանում փիլիսոփաները ամենայն բծախնդրությամբ տարբերակում էին սեռ եւ տեսակ հասկացությունները՝ խուսափելու համար երեւույթները բնորոշող իմացական, տերմինաբանական շփոթից, ապա հետագայում, երբ գեղագիտությանը եւ գրականության տեսությանը առանձնացան փիլիսոփայությունից, վերջինիս մեջ սեռ եւ տեսակ հասկացությունները համարժեք կիրառություն գտան։ ժամանակակից գրականագիտության մեջ շատ ավելի օգտագործվում է «ժանր» հասկացությունը։ Դավիթ Անհաղթը, համադրման այս միտումը նկատի ունենալով, օգտագործել է «համաստորադաս սեռ» տերմինը, որը կարող է «եւ տեսակ եւ սեռ լինել» ¹³։

Արիստոտելն իր «Պոետիկայում» պոեզիան, այսինքն՝ գեղարվեստական բոլոր ստեղծագործությունները (նա անվանում է նաեւ «պոետիկական ստեղծագործություններ») բաժանում է երեք սեռի։ «Էպոսը, տրագեդիան, ինչպես նաեւ կոմեդիան, ղիֆերամբային պոեզիան, եւ ավլետիկայի ու կիթառիստիկայի մեծ մասը, որոնք բոլորն էլ ընդհանրապես վերցրած վերարտադրություններ են» ¹ , իրարից տարբերվում են վերարտադրության միջոցներով. արտացոլման առարկայով եւ եղանակով, որոնք էլ կազմում են սեռային ընդհանուր հատկանիշի հիմքը։ Ընդ որում, եթե ավլետիկայի եւ կիթառիստիկայի մեջ կարեւորություն է տրվում չափական եւ ռիթմիկական ձեւերին. ապա մյուսների դեպքում, իբրեւ սեռային հատկանիշ, նա կարեւորում է նաեւ համապատասխան կոմպոզիցիայի ստեղծման հանգամանքը.ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԸIII 109