Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ |||

ուշադրություն դարձնելով սյուժեի արարման, խարակտերների, կերպարների նկարագրության եւ երկխոսությունների ստեղծման վրա։ Արիստոտելը միաժամանակ չի շրջանցում ժանրային մարմնավորում ստացած սեռի ծավալային հատկանիշների խնդիրը։ Արիստոտելից հետո սեռի եւ տեսակների սահմանման փիլիսոփայական խնդիրը, որ հավասարապես կարելի է տարածել գրականության եւ արվեստի հատկանշային համակարգի վրա, առավել մանրամասն եւ անթերի քննության է ենթարկվել Դավիթ Անհաղթի կողմից։ «Պորփյուրի» ներածության վերլուծության մեջ, առանձին պրակների մեջ ներկայացնելով սեռի պորփուրյան երեք սահմանումները, տալիս է համապատասխան մեկնաբանություններ։ Այդ սահմանումները հետևյալն են.

ա․ «նախ եւ առաջ սեռը այն է, որն իր անունը մի բանից է ստանում եւ առաջանում,

բ. սեռ է կոչվում ամեն մեկի լինելիության սկիզբը,
գ. սեռ է կոչվում ըստ փիլիսոփայական քննության այն, ոը շատ բաների վրա է տարածվում» 13:
Մեջ բերելով այս սահմանումները եւ ելնելով այն բանից, որ ցանկացած սահմանում ավարտուն եւ վերջնական չէ, Անհաղթը շարունակ լրացումներ է անում, բացում սահմանման ենթատեքստերը եւ տալիս իր բնորոշումները, որոնք, թերեւս, ավելի ուշագրավ են։ «Այսպես, - գրում է Անհաղթը, - սեռ է կոչվում այս կամ այն բաների միագումարը, որոնք որոշակի կերպով վերաբերում են որևէ մի բանին եւ մեկը մյուսին» 16։ Ի լրումն այս սահմանման, նա ավելացնում է. «Սեռ կոչվելու համար բավական չէ անուն ստանալ մի որևէ բանից, այլ անհրաժեշտ է նաեւ սկիզբ առնել այն բանից, որից ստանում են անվանումը» 17։ Տեսակների քննության դեպքում Անհաղթը շեշտը դնում է փոխադարձորեն պայմանավորված երևույթների ստորադաս մասնավորումների վրա։ Այսպես՝ 

ա․ «Տեսակն այն է, ինչ հանդես է գալիս որպես սեռի ստորադասյալ»։ բ. «Տեսակն այն է, որի մասին ստորոգվում է սեռը»։ գ. «Տեսակն այն է, ինչ ստորոգվում է բազմաթիվ եւ իրարից թվով տարբերվող [իրերից], ցույց տալով [այդ իրերի] էությունը»։

Սեռի եւ տեսակի քննության ընթացքում երկու դեպքում էլ Անհաղթը սահմանման մեջ հիմնվում է համադրման եւ բաղադրման սկզբունքների վրա՝ ելնելով տարբերակվող գոյերի ծագումնաբանական միասնությունից։ Սեռ եւ տեսակ փիլիսոփայական կատեգորիաների քննությունը ընդհանուր մեթոդաբանական մոտեցում է, որը եւ մեզ հնարավո՛րություն է տալիս գրական սեռերի ու ժանրերի հարցը դիտել իր պատմական զարգացման շղթա–

110