Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բնական գիտությունները ազատ են այս «հոգսից», որով էլ պայմանավորված է նրանց գիտական մեթոդի ճշգրտությունը։ Այս իրողությունը բնական գիտություններին հնարավորություն է տալիս, արդեն նվաճվածը հաշվի առնելով, անընդհատ առաջ շարժվել, ունենալով ուսումնասիրության առարկայի հատկանշային մի համակարգի մասին արված գիտական միանշանակ է՝ և վերջնական հետևությունը։ Մինչդեռ գրականագիտական միեւնույն խնդրով զբաղվող մասնագետները ամեն անգամ սկսում են գրոյից։ Ու նրանց կարծիքները միշտ չէ, որ համընկնում են։ Գրականագիտության մեջ գյուտարարությունը իսպառ բացառված է․ խոսքը ամենեւին չի վերաբերում գրականագիտության նոր ուղղություններին, մեթոդներին, որոնց երեւան գալը ոչ այնքան հայտնություն է, որքան գիտական տեւական ու դժվարին որոնումների արգասիք՝ կապված որոշակի ժամանակաշրջանների հասարակական, քաղաքական ու մշակութային կյանքի զարգացման հետ։ Գաղափարական պարտավորվածությունն ու պարտադրանքը չի մտնում բնական գիտությունների գիտակցության մեջ, այդպիսի «օգտակար» գործողության գործակից նրանք չունեն։ Գրականագիտության մեջ, գաղափարներից բացի, զգալի դեր է խաղում ուսումնասիրության առարկայի սուբյեկտիվ ընկալումը, որի դիտարկմանը մենք կանդրադառնանք առանձին։ Այսուհանդերձ, դա չի նշանակում, թե գրականագիտությունը մինչև վերջ մաքուր անհատականության արգասիք է։ Այդ մաքուր անհատականություն կոչված երեւույթը հասու չի անգամ գրողին, արվեստագետին։ Արվեստագետի անհատականությունը դրսեւորվում է գեղարվեստական մտածողության համընդհանուր սկգբունքներից ստեղծագործական «շեղումներ» տալու ձեւով։ Այդ շեղումները կարող են լինել եւ՛ մերժող, եւ՛ մի այլ տեսանկյունից հաստատող, եւ՛ զարգացնող։ Այդ ամենը տեղի է ունենում գեղարվեստական գիտակցության համընդհանուր ֆոնի վրա, ինչն էլ գիտությանը հնարավորություն է տալիս կիրառել տիպաբանության, զուգահեռականության արդյունավետ մեթոդը։ Ուրեմն՝ ամեն մի ստեղծագործող մարդ իր անհատականության գծերը ունենալով հանդերձ, միաժամանակ կրում է ժամանակի հասարակական կյանքի ու պատմության անշրջանցելի պահանջները։ Հակադրամիասնության այս փիլիսոփայական երեւույթր ինչպես կյանքի, այնպես էլ արվեստի հավերժական ուղեկիցն է։ Արիստոտելն իր «Պոետիկայում» երբ գրում էր, թե պոեզիան խոսում է ընդհանուրի մասին, իսկ պատմությունը կոնկրետի ¹, նկատի ուներ հենց այս հանգամանքը։ Արվեստը, գրականությանը իրենց գիտակցության առանձին շերտերով ենթարկված են տրամաբանության օրենքներին։ Ավելին՝ գրականագիտաթյան զարգացման ընթացքը ցույց է տայիս, որ այն իր մեթոդական 2