Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ՊԱՏԿԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԴԻՐՔԸ ԳՐԱԿԱՆ ԵՐԿՈՒՄ

Ցանկացած կառուցվածքի վերլուծություն նպատակ ունի բացահայտել ոչ միայն համակարգի առանձին միավորների խնդրառական նշանակությանը, այլեւ նրանց փոխադարձ կապն ու հարաբերության աստիճանը։ «Ինչպես կենդանի մարմնի մեջ ամեն մի անդամ իր հատուկ պաշտոնը եւ իր առանձին նշանակությունն ունի,– գրել է Րաֆֆին,- եւ բոլորը միասին կազմում են մարմնի ամբողջությունը, այդպես էլ վեպի մեջ նրա ամեն մի մասը, պատկերը իր հատուկ նշանակությունն ունի, որոնք բոլորը միանալով, կազմում են մի անբաժան միասնություն» 35։

Պատկերի քննությունը, այս առումով, պահանջում է պարզել մասի եւ ամբողջի առնչակցական կապը, քանի որ նրանց դերն ու գոյապայմանը այս փոխպայմանավորվածության մեջ է։ Գրականագետ Ար. Գրիգորյանն իր «Գեղարվեստական պատկերի կառուցվածքը» ուսումնասիրության մեջ գրում է. «Գեղարվեստական պատկերի կառուցվածքը բնորոշելիս պետք է հանգել կառուցվածքային միավորի ու համակարգի հարաբերակցմանը, համադրմանը, քանի որ նրանցում հավասարապես սուբստանցիոնալ են ե՛ւ ամբողջի հարաբերությունը առանձին մասերի, եւ այդ մասերի հարաբերությունը՝ միմյանց հետ» 36: Երեւույթը առարկայաբար ցույց տալու նպատակով բերենք Րաֆֆու «Սամվել» վեպի սկզբնապատկերը։ «Լուսնի եղջյուրը ծածկվեցավ Քուրքե լեռան ետեւում եւ Տարոնը ընկղմվեց գիշերային խավարի մեջ»։ Թվում է, թե պատկերն այստեղ ավարտվում է, մինչդեռ այն շարունակություն ունի՝ ոչ մի աստղ այդ գիշեր չէր երեւում, երկինքը պատած էր մոխրագույն ամպերով... եւ այլն։ Մենք տրոհում ենք պատկերի շարակարգը նշմարելով նրանց սահմանագիծը, ինչը մեզ հնարավորություն է տալիս անջատված միավորները դիտել իբրեւ առանձին միկրոօրգանիզմներ, միկրոպատկերներ, որոնցից յուրաքանչյուրը, բաբախելով ինքն իր մեջ, միաժամանակ նրանց արտաբերած գեղագիտական, իմացաբանական ներուժը ուղղված է նաեւ իրենից դուրս մի ուրիշ գեղարվեստական պատկերի, առանց որի նա կարող էր հանդես գալ ներփակ միջոցի դերում, իսկ այս դեպքում, ուրիշների հետ հարաբերակցելով, դառնում է կենդանի ամբողջական էություն։ Սյուժեն, որպես օրենք, անընդհատ իմաստավորվում եւ զարգանում է պատկերների ակտիվ մասնակցությամբ։ Պատկերը մի դեպքում կարող է դառնալ սյուժեի հանգուցային օղակներից մեկը, մի այլ դեպքում հանդես գալ որպես արտասյուժետային հարուցիչ, որ թեեւ անմիջապես չի մասնակցում դեպքերի զարգացման բուն ընթացքին, բայց նրանց կենդանություն եւ ընդհանրացնող իմաստ է հաղորդում։