Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատմածը։ «Մի աշնան ցուրտ օր էր, հայրը որոշում է տղային տանել քաղաք, իսկ նանը դեմ էր, ասում էր՝ տղային տանի՛լ մի՝ տունը կռիվ ընկավ» 43։ Պարզ հիշեցնում է «Գիքորի» սկիզբը։ Գեղարվեստական սյուժեի զարգացման ընթացքում բանաստեղծը օգտագործել է նաեւ այնպիսի ֆաբուլային փաստեր, որպիսիք են իր՝ Թիֆլիսում, Սալամբեկյանի խանութում աշակերտ լինելը, համագյուղացի երեխաներից մեկի մահվան փաստը Թիֆլիսի հիվանդանոցներից մեկում, իր ստացած առաջին տպավորությունները քաղաքից եւ այլն։ Ելնելով գեղագիտական խնդրից, Թումանյանն իր պատմվածքների սյուժեն ստեղծել է ոչ միայն ֆաբուլային փաստերի համադրման, այլեւ գեղարվեստական վերակառուցման ճանապարհով։ Արդյունքում՝ պատմվածքի գեղարվեստական սյուժեն, նույն այս ֆաբուլայի ծնունդը լինելով հանդերձ, երբեք չի դառնում նրա կրկնությունը։ Սա այն դեպքն է, երբ ֆաբուլայի գոյությունը միջնորդավորված չէ, կամ միջնորդավորված է մասնակիորեն, այսինքն՝ պատմվածքի կենսափաստը վերցված է ոչ միայն հեղինակի, այլեւ մեկ ուրիշի կյանքից։ Գեղարվեստական սյուժեի հիմք կարող են հանդիսանալ բոլոր այն գրավոր աղբյուրները, որոնք նյութ են տալիս ստեղծվելիք գրական ստեղծագործությանը, սակայն ֆաբուլայից սյուժեի վերաճման սկզբունքը նույնն է մնում։ Այս առումով ուշագրավ է Ռոմեն Ռոլանի կարծիքը. «Ընթերցելով Սպինոզայի տեքստը, ես բացել եմ ոչ թե նրան, այլ ինձ։ Գիրքը չեն ընթերցում, այլ ընթերցում են իրենց, որպեսզի գտնեն կամ ստուգեն իրենց։ Ամենամեծ գիրքը այն չէ, որի բովանդակությունը տպվում է ուղեղում, ինչպես հեռագիրը՝ թղթե ժապավենի վրա, այլ այն է, որի կենսարար ուժը ուրիշ կյանքեր է արթնացնում»44։ Անուղղակի ձեւով այստեղ Ռոմեն Ռոլանը խոսում է ֆաբուլայից սյուժեի փոխանցման խորքային երեւույթների մասին։ Ֆաբուլա-սյուժե հարաբերության շղթայում ուշագրավ է ժանրային փոխակերպման երետւյթը, երբ գեղարվեստական այս կամ այն ժանրը վերափոխվում է մի այլ ժանրի։ Գրականության մեջ այդպիսի օրինակներ քիչ չեն։ Հաճախական են վեպից դրամայի կամ կինոսցենարի փոխակերպման օրինակները։ Նման դեպքերում նախորդ ժանրերը նորի համար հանդես են գալիս իբրեւ ֆաբուլա։ Վիպական ժանրի ստեղծագործությունների մեջ դրամատուրգիական շերտը ակնառու է, վեպը երկխոսականացված է, այս երկխոսությունը, ըստ Բախտինի՝ ընդունակ է թափանցել վիպական համակարգի բոլոր տարրերի մեջ եւ, վեպի մեջ գործող մարդը «էապես խոսող մարդ է», նույնն, ինչպես դրամայում, սակայն այն տարբերությամբ, որ հերոսի խոսքը վեպի մեջ փոխանցվում եւ վերարտադրվում է գեղարվեստորեն, մինչդեռ դրամայում հեղինակի խոսքերով, թեեւ հեղինակը՝ ինքը ներկա է։ ժանրային փոխակերպումը չափա