Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն ուղղությունները, որպիսիք են՝ պատմահամեմահատականը, կուլտուր–պատմականը, դիցաբանականը, հոգեբանականը։ Այսքանով հանդերձ, ինչպես բոլոր գիտությունները, գրականագիտությունը նույնպես, կյանքի պահանջների ու գեղարվեստական մտածողության զարգացմանը համընթաց մշակում է մեթոդական նոր մոտեցումներ, վերլուծության նոր սկզբունքներ, որոնք նպաստելով գրական ստեղծագործության խորքային երեւույթների բացահայտմանը, համապատասխանաբար ընդլայնում են ընթերցող լայն հասարակայնության ընկալունակության շրջանակները։

2. ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹԸ

Այստեղ մեզ անհրաժեշտ է պարզել միմյանցով պայմանավորված երկու կարեւոր խնդիր՝ ինչպիսի՞ն է ուսումնասիրվող առարկայի (գեղարվեստական գրականության) բնույթը և ի՞նչ նշանակություն ու կիրառություն ունի այն։

Ի՞նչ է, իսկապես, իրենից ներկայացնում մեզ այսքան ծանոթ գրականությունը, ահա այն առաջին հարցը, որին սպառիչ պատասխան տալը դյուրին չէ։ Տեսաբանները այս հարցի առիթով շատ են բանավիճում, հանգում իրողությանը չսպառող իրարամերժ սահմանումների, բայց իբրեւ ելք, ինչպես առաջարկում են ամերիկյան գրականագետներ Ուելլերը եւ Ուորրենը, հարկավոր է սկսել գրականություն բառի պարզ ըմբռնումից։ Նրանց կարծիքով գրականություն կարելի է համարել այն ամենը, ինչ տպագրված է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրականության գոյաձեւի միջոցը գիրն է՝ լինի այն տպագիր, թե ձեռագիր, կարելի է ավելի ընղլայնել սահմանումը։ Գիտական ու գեղարվեստական որոշակի ասելիք ունեցող եւ կոնկրետ ժանրի մեջ դրված ամեն մի գրավոր տեքստ գրականություն է։ Հենց այստեղից էլ սկսվում է հարցի բարդությունը։

Հայաստանի Պետական Մատենադարանում պահպանվում է մատենագրական հսկայական հարստություն, որ հայ եւ համաշխարհային հնագույն քաղաքակրթության մասն է կազմում։ Այս պատմագիտական, աստվածաբանական, փիլիսոփայական, լեզվագիտական եւ այլ բովանդակություն ունեցող գրավոր հուշարձանները մասնագիտական նշանակությունից բացի իրենց ժամանակային հեռավորության պատճառով ունեն նաեւ զգայական ազդեցություն, թեեւ բնույթով գեղարվեստական չեն, ինչպիսին են, ասենք՝ Նարեկացու, Շնորհալու, Ֆրիկի, Երզնկացու, Թլկուրանցու եւ մյուս հայ տաղերգուների գործերը։ Որո՞նք են այս գործերի տարբերիչ