Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատկանիշները։ Խնդիրը մասնավորելու եւ հարցին «սպառիչ» պաաասխան տալու համար գրականության տեսաբանները նախ եւ առաջ առանձնացնում են գրականության այդ որակի պատկերավորության հատկանիշը, որը հարցի սպառիչ պատասխանը չէ։ Այստեղ շրջանցվում է գրական ստեղծագործության հատկանշային համակողմանիությունը, որի ընդգրկման շրջանակները լայն են։ Պատկերներով հորինված ամեն մի գրավոր տեքստ չի կարող ունենալ գեղարվեստական արժեք։ Մինչդեռ ճշմարիտ գրականությունը ոչ գրականությունից տարբերվում է հենց իր գեղարվեստական արժեքով։ Մյուս կողմից, մոռացության է տրվում տեքստի ընդհանուր համակարգում գեղարվեստական պատկերի գոյաձեւի խնդիրն ու դիրքը։ Տեքստը պատկերների դիպաշա՞ր է, ինչպես կինոյում կադրերի հաջորդականությունը, թե՞ կան ուրիշ կապող օղակներ, որոնք ամենեւին էլ պատկերավոր չեն։ Բելինսկու հանրահայտ սահմանումը² մեզ փոքր-ինչ շփոթության մեջ է գցում, լավագույն դեպքում դրդում ելք գտնել մոտենալու երեւույթի բուն էությանը։ Ըստ նորագույն տեսության, գեղարվեստական գրականությունը բնության եւ մարդկային կյանքի յուրահատուկ վիճակները յուրահատուկ լեզվով (նկատի է առնվում պատկերավորությունը) արտահայտող գրողի դատողական եւ զգայական ենթագիտակցական մտածողության բարդ համադրություն է։ Այս, այսպես կոչված, ընդհանրացում-սահմանումը, ինչպես բոլոր սահմանումները, նույնպես սպառիչ չէ։ Նախ եւ առաջ այն պատճառով, որ գիտությունը առայժմ ի վիճակի չէ թափանցել գեղարվեստական մտածողության ենթագիտակցական շերտերի մեջ, բացահայտել դատողականի եւ զգայականի խորքային հարաբերությունների հետ կապված օրինաչափությունները։ Գրական ստեղծագործությունը ինքնին կենդանի օրգանիզմ է եւ ինչ-որ տեղ ինչպես իր ծագումնաբանությամբ³, այնպես էլ իր կենսագրությամբ նման է մարդուն։ Այն մարդու՝ գրի միջոցով ներկայացող երկրորդ աշխարհն է։ Վերջինս ունի իր ճակատագիրը, կյանքը, ազգային պատկանելիությունը, լեզուն, հավատը, գիտակցության ձեւերն ու սահմանները, տեղեկատվական իմացությունը։ Այն հոսող, ժամանակի հետ շարունակ փոփոխվող, մարդու ինքնաբացահայտման եւ ինքնահաստատման միջոց է, որ դժվար է տրվում վերջնական սահմանման։ Նրա ճանաչման գործընթացը նույնքան բարդ ու տեւական է, որքան մարդունը։

Առայժմ, մի կողմ թողնելով գրական երկի բովանդակային եւ կառուցվածքային առանձնահատկությունները, կանգ առնենք նրա լեզվի վրա, քանի որ լեզուն գրականության այն նյութն է, այն հիմնական միջոցը, որից եւ որով արարվում է գրականությունը։ 15 | ՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄՆԵՐ