Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բացի ունի նաեւ ոճային ինքնատիպություն։ Մենք հաճախ ենք լսում, թե այսինչ մարդը հետաքրքիր է պատմում, լավ ասացող, պատմող է։ Այդպես է նաեւ գրականության մեջ։ «Արձակի փայլուն վարպետը» հոդվածում Ստ.Զորյանը հատկապես ուշադրաթյուն է դարձնում Անտոն Չեխովի պատմելու ձեւին. «Ոչ մի կանխամտածվածություն, ոչ մի սխեմա,– գրում է նա,– ոչ մի ավելորդ շտրիխ։ Չեխովը բերեց կենդանի բնորոշ ակնարկներով խոսելու, նկարագրելու եւ պատմելու իր կուլտուրան»71։ Չեխովի նկատմամբ ունեցած Զորյանի ստեղծագործական համակրանքի մասին շատ է ասվել, սակայն չի նշվել, որ նրա ուշադրության նպատակը գեղարվեստական պատումի յուրահատկությունների առանձնացումն է։ Այս տեսանկյունով է նա բնորոշում գրողների վարպետությունը։ «Ռեալիզմի ռահվիրանը» հոդվածում արձակագիրը ուշադրություն է դարձնում Շիրվանզադեի ստեղծագործությունների կառուցիկությանը, խոսքարվեստի պատումային առանձնահատկությանը։ «Մասնավորապես պետք է ընդգծել վիպագրի երկերի կառուցվածքը, որ կատարում է նա հմուտ ճարտարապետի նման՝ համաչափ ու կուռ, ոչ մի ավելորդ գիծ, ոչ մի կողմնակի բան»72։ Նա հատկապես շեշտը դնում է «Սեղմ նկարագրի», «դրամատիկ դիալոգներ ստեղծելու», «ավելորդ բառերից, գեղեցիկ ֆրազներից զերծ լինելու» վրա։ Մուրացանի դեպքում ընդգծվում է. «Նրա պլաստիկ, ներդաշնակ լեզուն, նրա լեզուն ֆրազների գեղեցկությունն ու ճշգրտությունը, նրա վարպետ անբռնազբոս, սրամիտ դիալոգները»73։ Զորյանի ուշադրությունից չի վրիպել անգամ Գ․Բաշինջաղյանի գրական վարպետությունը։ «Նրա պատմվածքները ունեն պարզ կառուցվածք, անպաճույճ լեզու եւ կենդանի աշխույժ հումորով համեմված պատմելաձեւ, ինչը նրանց ընթերցումը դարձնում է հետաքրքիր»74։ Ինչպես տեսնում ենք, այստեղ խոսք է գնում առանձին հեղինակների ոճային այն առանձնահատկությունների մասին, որոնք վերաբերում են վերջիններիս պատմելաձեւին։ Մեզ անհրաժեշտ է առանձնացնել տեսական այն ընդհանուր օրինաչափությունները, որոնք հավասարապես վերաբերում են բոլորին՝ հաշվի առնելով ժանրային ու մեթոդական ներքին պահանջները։ Էպոսի, հատկապես նոր ժամանակի էպոսի լեզվամտածողությանն ու լայն առումով՝ պատումի յուրահատկությանը, հատուկ ուշադրություն են դարձրել Մ.Բախտինը, Վ․Վինոգրադովը, Դ.Լիխաչովը եւ ուրիշները։ Ըստ Բախտինի, էպոսի պատումի մեջ մշտապես գործում է «միասնական լեզվի համագորաթյան օրենքը»։ Նրանում, վեպի համեմատությամբ, բացակայում է լեզվի սոցիալական տարադիրքությունը, այսինքն՝ պատմողի (ասացողի) եւ գրական ստեղծագործության մեջ հանդես եկող սոցիալական տարբեր դիրք ունեցող հերոսների լեզվի մեջ տարբերություն