Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չկա։ Պատմողը իր հերոսներին խոսեցնում է «միասնական լեզվով, այն լեզվով, որով խոսում է ինքը։ Մինչդեռ վեպի կամ պատմվածքի մեջ հեղինակը «ձգտում է խոսել «ուրիշի» լեզվով։ Իր աշխարհը նա չափում է ուրիշի լեզվական մասշտաբներով»։ Էպոսային աշխարհի խորքային նպատակամղվածության մեջ գործում է ամեն ինչը, այդ թվում եւ լեզուն, մեծ գաղափարի իրականացմանը ենթարկելու պայմանը, տրոհված աշխարհը բերվում է ներդաշնակ միասնության։ Այդ պատճառով էլ էպոսում հերոսը նախ եւ առաջ խորհրդանիշ է եւ նոր միայն անհատականություն։ Նոր ժամանակների էպոսում՝ վեպի մեջ, հերոսը տիպականացված անհատականություն է։ Նկատենք, որ արեւմտյան գրականության մեջ հերոսների տիպականացումը դիտվում է ոչ իբրեւ գեղագիտական, այլ սոցիալական կատեգորիա։

Ուրեմն՝ անհատ հերոսին մեծ աշխարհի հետ կապելու, հարաբերելու սկզբունքով վեպը եւ էպոսը տարբերվում են։ Էպոսում հերոսը աշխարհի միասնության մեջ է, վեպում առանձնանում, ինքնանում է։ Այս առանձնացումը իրականացվում է ոչ միայն միջավայրային կենցաղավարությամբ, սոցիալական հոգեբանությամբ, այլեւ լեզվով, լեզվամտածողության անհատականացման ճանապարհով։ Դա նշանակում է, որ վեպի մեջ լեզվական համակարգը ոճավորված է (անհատականացված)։ Վեպի մեջ հեղինակի եւ հերոսներից յուրաքանչյուրի լեզվական տարբերությանը խոսում է վերջիններիս լեզվագիտակցության յուրահատուկ ունակության մասին։ «Նրանում առկա է գոնե երկու անհատականացված լեզվական գիտակցություն՝ նկարագրողի, այսինքն՝ ոճավորողի եւ նկարագրվողի, այսինքն՝ ոճավորվողի։ Ընդ որում՝ ոճավորողի լեզվական գիտակցությունը կարող է ոչ միայն լուսաբանել ոճավորվողի լեզուն, այլեւ վերցնել վերջինիս լեզվի բառը եւ ներդնել իր թեմատիկ լեզվական նյութի մեջ։ Այս օրինաչափությունը առանձնահատուկ ձևով է արտահայտվում պատմագեղարվեստական ստեղծագործությունների մեջ, որոնցում լեզվի սոցիալական գիտակցությանը գումարվում է նաեւ ժամանակային գիտակցությունը։ Հայ պատմավեպերի լեզվական համակարգում հեղինակի լեզվից բացի գոյություն ունի «ուրիշի» սոցիալականացված լեզվամտածողության երեք շերտ՝ հոգեւորականություն, իշխանավորաց դաս, ժողովուրդ։ Այս շերտերի լեզվաարտաբերման սահմանները զատորոշված են՝ խոսքի կառուցվածք, բառապաշար, շեշտադրություն։ Ոճավորման հիմքում ընկած է անցյալի հերոսների լեզվագիտակցաթյան, ինչպես նաեւ գրողի ել ընթերցողների ժամանակակից լեզվագիտակցության «արհեստական համադրության պայմանը»։ Այն իրականացվում է ոչ միայն հին լեզվի բառերի ու արտահայտություննե