Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ահա ամենաթռուցիկ ձեւով չենք կարող չնշել այն փաստը, որ լեզվաարտահայտչական միջոցների տարբերությունը զգալի է նաեւ գրական տարբեր մեթոդների, ուղղությունների, հոսանքների շրջանակներում։ Երեւույթ, որ հավասարապես դրսեւորվում է նաեւ արվեստի տարբեր բնագավառներում։ Եթե մենք մտովի փորձենք պատկերացնել պառնասականների, իմպրեսիոնիստների, սիմվոլիստների լեզուն, կհամոզվենք այդ օրինաչափության մեջ։ Կարծում ենք, կլասիցիստների լեզուն այս իմաստով շատ ավելի ընդգծված է։ Բառընտրության եւ բառօգտագործման խնդիրը յուրաքանչյուր դեպքում համաձայնեցված է այս ուղղությունների բանարվեստային, նաեւ գաղափարական պահանջների հետ։ Ամեն դեպքում լեզվաարտահայտման ձեւերը, վերոհիշյալ խնդիրներից ելնելով, շեղվում են համընդհանուր լեզվի իմաստաբանական պայմանից՝ փշրելով քերականական օրենքների կարծրացումները։

Նման մի առանձին խնդիր է նաեւ ժանրային տարբեր կառույցների մեջ լեզվամիջոցների գործառնությունը։ Լեզվի իմաստային միանշանակությունը հատկապես հաղթահարվում է պոեզիայում։ Այստեղ բառի ավանդական գործառնությանը շարունակ փոխվում է՝ կապված բանաստեղծի տրամադրությունների ու հոգեվիճակի հետ, էլ չենք խոսում բանաստեղծական ռիթմի ու հանգի մասին։ Այս առումով ուշագրավ երեւույթ է դիդակտիկ-ուսուցողական պոեզիայի լեզուն։ Այս ժանրերը լայն տարածում ունեն միջնադարյան հայ գրականության մեջ։ Աշակերտներին հեշտ ուսուցանելու նպատակով գիտական խնդիրը ներկայացվում է հանգավոր բանաստեղծության կամ պոեմի ձեւով։ Այս դեպքում լեզուն ձեռք է բելում մի այլ յուրահատկություն։ Գիտական մտածողությանը գեղարվեստական ձեւի մեջ դնելու ընթացքում մի տեսակ խախտվում է մեր ավանդական պատկերացումը գեղարվեստական եւ գիտական լեզուների մասին։ Երեւույթը պայմանավորված է գրականության այդ տեսակի յուրահատկությամբ։ Ի՞նչ է գրում վերջինիս մասին ժանրի ուսումնասիրողը։ «Ինքը՝ գեղարվեստական ստեղծագործության այս ձեւը, նույնպես ինչ-որ տարօրինակ, անսովոր, եթե կուզեք՝ անսպասելի երեւույթ է։ Եվ պատահական չէ, որ հետազոտողներից ոմանք այն համարել են գեղարվեստական ստեղծագործության արհեստական տեսակ, բնական համարելով մյուս բոլոր գեղարվեստական երկերը»4։

Այս գրականությանը, իհարկե, գեղարվեստական չէ, ինչպես Հեգելն է նկատել, նման բնույթի երկերում գեղարվեստական ձեւը (այդ շարքում եւ լեզուն) «լուրջ եւ չոր» ուսուցմանը կենսուրախ տեսք է հաղորդում։ Նրանցում լեզվի պատկերավորությանը դյուրին է դարձնում դասը սերտելը՝