Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեսակետից հատուկ մասնագիտացում են պահանջում հին ձեռագրերը։ Հին գրականության տեքստաբանական սկզբունքները որոշակիորեն տարբերվում են նորից։ Նույնքան կարեւոր է նման հրատարակությունների գիտական ապարատների ստեղծումը։ Այն պետք է լինի սեղմ, դիպուկ, տեղեկատվական տվյալներով հագեցած։ Լիարժեք հրատարակությունները հանրագիտարանային արժեք ունեն, իսկ այդպիսի տեքստաբանները հազվագյուտ են (Ցյավլովսկի Մ.Ա., Շապիրո Ա.Բ., էյխենբաում Ա.Մ., Ինճիկյան Ա.Ն.)։ Սրանք այն հրատարակություններն են, այն ծանոթագրական մեկնաբանությունները, որոնք երբեք չեն հնանում։ Հրատարակության տեսակները տարբեր բնույթի են՝ ակադեմիական, գիտամասսայական, մասայական, նայած ընթերցողների ինչ շրջանների են հասցեագրված, նյութատեխնիկական, կոմերցիոն ինչ խնդիրներ են հետապնդում։ Վերը հիշատակված հրատարակություններից ամենից առանձնացողը, աշխատատարը եւ լիարժեքը ակադեմիականն է։ Վերջինս ընդգրկում է գրողի գրական ողջ ժառանգությունը՝ բազմաթիվ տարբերակներով, տարընթերցումներով։ Ակադեմիականը մյուսներից տարբերվում է նաեւ իր ծանոթագրություններով։ Հրապարակվելիք նյութը ներկայացվում է ժանրա–ժամանակային սկզբունքով։ Մասայական հրատարակություններում տարբերակները չեն ներկայացվում։ Դպրոցականների համար հրատարակվող բնագրերը ներկայացվում են առանց հեղինակային ունիֆիկացիայի, խմբագրվում են առանձին բարբառային արտահայտություններ, հնաբանություններ, հաճախ էլ տրվում է ոչ թե գործի բնագիրը, այլ նրա հարմարեցված (իմիտացված) տարբերակը։ Այդպիսին են, ասենք, «Մանկական աստվածաշունչը», Սերվանտեսի «Դոն Կիխոտը», Աբովյանի «Վերք Հայաստանին» եւ այլն։ Սրանց կցվում են մատչելի ծանոթագրություններ, բացատրական բառարաններ։ Բոլոր դեպքերում ցանկացած տիպի հրատարակության ամենակարեւոր պայմանը բնագրի հավաստիությունն է։ Տեքստաբանության պրակտիկայում քիչ չեն այն դեպքերը, երբ անհրաժեշտ է լինում ճշտել գրողի արխիվում կամ այլուր հայտնաբերված անստորագիր գործի հեղինակային պատկանելությունը։ Խնդիրը պահանջում է բանասիրական լուրջ աշխատանք։ Վերջինիս լուծմանը կարող են օգնել հեղինակի գրառումները, նամակներում եղած ակնարկները, նրա հարազատների, ծանոթների, ընդհանրապես՝ ժամանակակիցների կարծիքները։ Գրական մամուլում հաճախ կարելի է հանդիպել բանավիճային բնույթի հոդվածներ, որոնցում բարձրացվում է այս կամ այն հեղինակին վերագրվող անստորագիր ստեղծագործությունների պատկանելության հարցը։ Հիշենք «Ագապի» վեպի շուրջ ծավալված բանավեճերը։ Նման բանավեճեր են ծավալվում ոչ միայն ԳՐԱԿԱՆ ԵՐԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ. ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒՂԻՆԵՐՆ ՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ 184