Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գաղափարի գրող էր, նրա մեջ քաղաքացիական մղվածությանը, ազգին, հասարակությանը անմնացորդ նվիրվելու հախուռն տարերքը միայն իր հոգեկան կերավածքով չէր պայմանավորված, այլ հատկապես ազգի յուրահատուկ ճակատագրով։ Այն գրողին մղում էր դեպի ազգային կյանքի բարդույթը, ինչի մասին հետագայում Մուրացան պիտի գրեր, թե ազգի այս յուրահատուկ վիճակը գրողին ստիպում է երկրորդ պլան մղել գրականության գեղագիտական խնդիրը եւ հիմնվել գաղափարի վրա։ Այսուհանդերձ, Րաֆֆին որքան էլ ուշադրություն էր դարձնում «վեպի կրիտիկական հայացքին», նրա այն ընդունակությունը, որ ի վիճակի է սովորեցնել հասարակությանը «մտածելու յուր պետքերի եւ յուր թերությունների վրա», բոլոր դեպքերում ստեղծագործության «քննադատական ոգին պետք է միացված լինի գեղեցիկ ձեւի, արվեստի հետ»։ Ուրեմն, նա հաստատում է, որ այդ երկուսը պետք է լինեն փոխադարձ միասնության մեջ։ Մի կողմից, չի կարելի գնալ դեպի «գաղափարների մերկապարանոց հաստատման», մյուս կողմից՝ չընկնել «մաքուր գեղարվեստ ստեղծելու» ետեւից; «Ես ինձ ամենեւին կուսակից չեմ համարում այն մտածողների հետ, որոնք ընդունում են գեղարվեստը միայն գեղարվեստի համար։ Գեղարվեստը այն ժամանակ միայն պիտի կատարյալ համարել, երբ արվեստի գիտակցության հետ միանում են բարձր, վսեմ եւ համամարդկային գաղափարներ»17։ Սա է Րաֆֆու գրական երկի արժեքավորման չափանիշը «Ամեն մի վեպ,– գրել է նա,– որ բովանդակում է իր մեջ որոշ տենդենցիա, կարելի է փոխաբերական կերպով ծրագիր կոչել, թեեւ այդ անունը շատ անհարմար է...»։ Սակայն վեպը, իր մեջ ծրագիր ունենալով հանդերձ, չպիտի դառնա սահմանադրական դրույթների ցանկ, քանի որ «վեպի լավ գրված ծրագիրը բոլորովին արիշ կերպարանք ունի։ Նրա մեջ պարագրաֆների տեղը ծառայում է նույն ինքը կյանքը՝ իր բազմակողմանի երեւույթներով»18։

Գրական երկի արժեքավորման չափանիշներից մեկն էլ, որն, ըստ էության, նախորդի տրամաբանական շարունակությունն է, արդիականությունն է։ Արդիականությունը չի բնորոշվում միայն թեմատիկայով։ Գրականության օրացուցային հատկանիշը գեղագիտական չէ։ Պետք է հաշվի առնել ոչ միայն «նետի դիպուկությունը», այլեւ գեղագիտականի ահագնությունը իր յուրովի դրսեւորման մեջ։ Նորը ինչպես բովանդակային, այնպես էլ ձեւային հատկանիշ է։ Մասսայական ընթերցողը դժվարությամբ է հաղթահարում ձեւային նորույթը, ուստի, նորի զգացողությունը ունեցող գրողը պիտի աշխատի խույս տալ մասսայական ընթերցողի գեղարվեստական