Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կատարյալ մարդն է իր հոգու հարստությամբ ու ներդաշնակությամբ։

Գեղեցիկի, ինչպես նաեւ գեղագիտական իդեալի ուսումնասիրությունը համապարփակ քննության արժանացավ Հեգելի կողմից նրա «էսթետիկա» կոթողային ուսումնասիրության մեջ։ Ըստ նրա արվեստի ինքը իդեալ չի ստեղծում, քանի որ այն ինքն իրենով վերջինիս դրսեւորումն է։ Իդեալը դրսեւորվում է այն ժամանակ, երբ գաղափարը, իբրեւ իրականություն, ստանում է իր համապատասխան ձեւը։ Այսինքն ձեւի եւ բովանդակության ներդաշնակությունը հենց արվեստի եւ գրականության իդեալն է15։

Ի.Հ. Վինկելմանը տեսական սահմանումները մի կողմ դնելով, մատնացույց է անում նրա առարկայական դրսեւորման արդյունքը։ Անտիկ Հունաստանի ու Հռոմի գրականությունն ու արվեստը նա համարում է գեղագիտական իդեալի դրսեւորման այն չափանիշը, որին պիտի հետեւել, օրինակ դարձնել։

Նոր ժամանակներում գեղագիտական իդեալի մասին շատ է գրվել16։ Գեղագիտական իդեալի քննությանը անդրադառնալիս խնդրո առարկա է դառնում ավանդականի եւ արդիականի փոխկապակցվածության հարցը։ Ընդհանրապես չի մերժվում այն գաղափարը, որ ավանդականի կենսական նվաճումները որոշակիորեն ներմուծվում են արդիականի մեջ, բայց եւ բոլորովին նոր տեսքով, նոր մեկնաբանությամբ։ Իդեալը կդատապարտվի անշարժության, եթե ամեն անգամ ավանդականը դառնա մերկ ընդօրինակման օրինակ։ Արտացոլվող կենսական իրականությանը զուգընթաց շարունակ փոխվում են նաեւ գեղագիտական իդեալի պատկերացումը, չափանիշները, քանի որ արվեստի ու գրականության զարգացման շարժիչ ուժը ինքը՝ գեղագիտական իդեալն է։ Հենվելով կենսական իրականության վրա կամ բխելով նրանից (հեռանալու կամ մոտենալու իմաստով), այն կարող է դրսեւորվել միայն արվեստագետի պատկերացրած «երկրորդ աշխարհում», որպես երազանք, ձգտում։

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մանկություն։


Քառյակում Թումանյանը ներկայացնում է իր հասարակական իդեալը հենց այդ երկրորդ աշխարհի տեսքով։ Գեղագիտականը նաեւ արտացոլման պատկերավորության, պարզության ու խորության մեջ է։ Դ. Դեմիրճյանի կարծիքով Թումանյանը իդեալականացնում է կյանքը։ Սա էր նրա