Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տագրական հարցադրումները որպես օրենք գերակշռում էին բուն գրականին, տեղ չթողնելով գրականագիտական իրողությունների այլընտրանքային մոտեցումներին։ Տեսության հարցերին մոտենալու այս դիրքորոշումն, ինչ խոսք, պայմանավորված էր խորհրդային պաշտոնական գաղափարախոսության՝ գրականագիտությանը պարտադրվող պահանջներով, որոնք հաշվի էին առնվում նման բնույթի ուսումնական ձեռնարկներում։ Սրանցում գեղագիտությունը անդառնալիորեն շրջված էր դեպի մերկ գաղափարաբանությունն ու սոցիոգիզմը, ինչն էլ հնարավորություն չէր տալիս մտքի ազատ ծավալմանը։ Գիտական մտածողության մեթոդական ու գաղափարական՝ գրականության եւ արվեստի համար անհանդուրժելի միագծությունը պարտադիր պայման էր ոչ միայն ուսումնական ձեռնարկների, այլեւ ընդհանրապես հասարակական գիտությունների համար։ Այսօր ազգային, հասարակական ու մտավոր կյանքի վաղուց սպասված հիմնավոր փոփոխությունները նոր պահանջներ են դրել հասարակական գիտության, մասնավորապես՝ գրականագիտության, արվեստաբանության առջեւ, որոնք հաշվի են առնվել սույն ուսումնական ձեռնարկում։

Ձգտել ենք իրականացնել երկու կարեւոր խնդիր՝ հնարավորին չափ վերանայել տեսական հայտնի հարցադրումների ելակետային սկզբունքները, շրջանառության մեջ դնել նոր հասկացություններ, որ հիմնավորապես մտել են արդի գրականագիտության գիտակցության մեջ։ Նշենք դրանցից հիմնականները՝ գեղարվեստական ժամանակ եւ տարածություն, գրական երկի պատմագործառնություն, գեղարվեստական երկի կառուցվածք ու կառուցվածքային վերլուծություն, գեղարվեստական պատում, գրական երկի վերլուծության սկզբունքներ, արժեքավորման ու գնահատման չափանիշներ, գրական ստեղծագործության բազմաձայնություն, գիտակցության հոսքերի բազմաշերտություն։ Վերանայվել են ստեղծագործական ուղղությունների, հոսանքների, ոճերի մասին եղած եւ այսօր քննություն չբռնող ըմբռնումները, մերժվել է այս ուղղություններն իրար հակադրելու եւ դրանցից որեւէ մեկին առաջնություն տալու ոչ գիտական մոտեցումը։ Ընդլայնվել են գեղարվեստական ոճի ըմբռնման սահմանները հաշվի առնելով գրական ստեղծագործության ոչ միայն լեզվաարտահայտչական միջոցները, այլեւ նրա կառուցվածքային միավորների