Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ողջ համակարգը, որոնցով էլ պայմանավորված է գրողի գեղարվեստական մտածողության ամբողջականությանը։

Նոր տեսանկյունից է դիտվել գեղարվեստական պատկերի գործառնական դերը, կառուցվածքային առանձնահատկությունները, դիրքն ու սահմանը տեքստային համակարգում։ Ուշադրություն է դարձվել գրական սեռերի ու ժանրերի հարաբերական անկախության, փոխներթափանցվածության, գեղարվեստական ձեւի եւ բովանդակության ներքին փոխվերաճման, փոխակերպության, գրական երկի ամբողջայնության եւ պայմանական ավարտվածության հարցերին։ Վերջապես, ձգտել ենք տարբերություն դնել գրականության տեսության ձեռնարկի եւ գրականագիտության բացատրական բառարանի միջեւ։ Չի կարելի գրականագիտական տերմին-հասկացություններից մի քանիսը դարձնել տեսության ձեռնարկի դիտարկման առարկա, մյուսներին մատնել անուշադրության (Ա. Կվյատկովսկու «Պոետիկական բառարանում» (Մոսկվա, 1956) տերմին-հասկացությունների թիվը հասնում է չորս հարյուրի)։ Աշխատել ենք դասագիրքը չծանրաբեռնել նման հասկացությունների բառարանային բացատրություններով, կամ էլ գեղարվեստական երկերից բերվող անհարկի մեջբերումներով։ Վերջինիս դեպքում տեսության ձեռնարկը դառնում է գրականագիտական ուսումնասիրությունների ժողովածու, որպիսին է, ասենք, մոսկովյան եռահատորի վերջին մասը։

Որպես մեթոդական ուղենիշներ, հեղինակս նկատի է ունեցել հրապարակի վրա գտնվող ռուսալեզու բոլոր ձեռնարկները, այդ թվում՝ անգլիական եւ ամերիկյան համալսարանների հումանիտար բաժիններում լայն կիրառություն գտած Ռ. Ուելլեկի եւ Օ․ Ուորրենի «Գրականության տեսության 4» ռուսերեն հրատարակությունը։ Խոստովանեմ, որ այս ձեռնարկը, ինչպես մոսկովյան եռահատորը, օգնել են ճշտելու ելակետային շատ խնդիրներ, կոնկրետացնելու դասագրքի մեջ ներառվող հարցադրումների շրջանակները։

Այս ամենին, ինչ խոսք, մոտեցել ենք ստեղծագործաբար, հաշվի առնելով այն իրողությունը, որ դրանք էլ արդեն առանձին դեպքերում վերանայելու կարիք ունեն (այդ մասին բազմիցս խոսվել է ռուս գրական մամուլում), ելնելով նաեւ հայ գրականության պահանջներից, որ մեր դասագրքի հիմնական ցուցադրանյութն է։