Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամենեւին էլ այն կարծիքին չենք, որ ներկա դասագիրքը զերծ է թերություններից. այդպիսի դասագրքեր չկան։ Ուսումնական շրջանառության մեջ դնելուց հետո անհրաժեշտաբար շատ բաներ կշտկվեն, բայց համոզված ենք, որ բանասիրության բաժինների ուսանողությանը, գրականության ուսուցիչներին այն հնարավորություն կտա մի նոր տեսանկյունից նայելու գրական երեւույթներին, հաղթահարելու գրականության մասին «անթեքելի» պատկերացումները, «օրենսդրական կանոնները», որ տարիներ շարունակ պարտադրվել են։

Հեղինակը բավարարված կլինի նաեւ նրանով, եթե այս դասագիրքը պատճառ դառնա հայ գրականագետների նոր ձեռնարկումների, ձեռնարկումներ, որ պահանջում են տեսության խնդիրներով զբաղվելու եւ առարկան դասավանդելու երկար տարիների փորձ ու համառություն։