Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

անդրադառնալ։ Այս ամենի մեջ հատուկ ուսումնասիրության պահանջ է դնում, այսպես կոչված, գրական երկի «ենթատեքստային ազատ տարածությունը»։ Երեւույթը պայմանավորված է ոչ միայն գրական երկի արժեքայնությամբ, բովանդակային մեծ խտացումներով, այլեւ ընթերցողի երեւակայությամբ։ Այս երեւակայաթյունը որքան կարեւոր է գրողի, նույնքան եւ ընթերցողի համար։ Երկի «ազատ» կամ «սպիտակ» տարածության գոյությունը գրականության գաղտնիքներից է։ Ամեն մի տաղանդավոր երկի շուրջ հարյուրավոր ուսումնասիրություններ են ստեղծվում, որոնցից յուրաքանչյուրը ծավալով ավելի մեծ է, քան ինքը՝ երկը։ Մեծ գրողների գործերում այս ազատ տարածությունը լրացվում է բարձր ընթերցողների երեւակայությամբ։ Թույլ գրողների երկերում էլ կա այդ ազատ տարածությունը, սակայն դա պարզապես ազատ տարածություն է։

                       92