Jump to content

Թորամանյանի «թնդանոթները»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Թորամանյանի թնդանոթները

Եվրոպական նշանավոր գիտնականներից մինը մի մասնավոր նամակում գրում է. «Մենք ճանապարհ ենք բաց անում Թորամանյանի թնդանոթների համար»։

Հարգելի գիտնականը թնդանոթներ անվանում է պ. Թորամանյանի ուսումնասիրած ու հավաքած հայկական ճարտարապետության էն նմուշները, որոնք մոտիկ ապագայում իրենց լուսաբանաթյուններով լույս պետք է տեսնեն Եվրոպայում։ Ասում են, «դրանք նորություններ են Եվրոպայի համար» և առայժմ դրանց մասին ծանոթություններ են տալիս եվրոպացիներին, այսինքն՝ ճանապարհ են բաց անում Թորամանյանի թնդանոթների համար։

Այո՛, դրանք թնդանոթներ են, հայկական թնդանոթներ, և թնդանոթներից ամենաազնիվն ու ամենաուժեղը, որ երբևիցե հնարել է մարդը, իրենց հետ տանում են հայ ժողովրդի ստեղծագործական հանճարն ու կարողությունը, գնում են հայերի համար նվաճելու լուսավոր ազգերի սերն ու համակրությունը, հարգանքն ու հիացումը։

Հիրավի, գործիչները նման են զորավարների և նրանց գործերը թնդանոթներ են, որոնք տիրում են հեռավոր տարածություններ ու ժամանակներ։

Բայց ինչպես ամեն մի զորավար հաղթությունը տանելու համար իր թիկունքին պետք է ունենա մի ոգևորված ու հավատարիմ բազմություն, էնպես էլ ամեն մի գործիչ պետք է զգա ու գիտենա, որ դատարկ չի իր թիկունքը։

Ահա վեր է կացել հայ ճարտարապետ պ. Թորամանյանը, ցույց է տալիս Եվրոպային ու ամբողջ աշխարհին, թե գոյություն է ունեցել հայկական ինքնուրույն ճարտարապետություն և հայկական ինքնուրույն ճարտարապետությունը ազդել է թե՛ հարևան և թե՛ հեռավոր ազգերի ճարտարապետությունների վրա, ստիպում է ազգերի արվեստների պատմության մեջ նոր գլուխ բաց անել «հայոց ճարտարապետությունը» վերնագրով։

Էդ նորություն է Եվրոպայի համար, ասում են եվրոպացիք, բայց էդ նորություն է և մեզ համար, հայերիս համար, պետք է խոստովանենք մենք։

Ահա էդ շատ նշանավոր նորությունն է, որ շաբաթ երեկոյան Հայ Գրողների Ընկերության նախաձեռնությամբ կազմած հրապարակական երեկույթում Թիֆլիսի հասարակության առաջ պետք է պարզի ու լուսաբանի պ. Թորամանյանը, բազմաթիվ վկայություններով ու նկարներով։

Թող գան հայերը, տեսնեն ու համոզվեն, որ իրենք միշտ էն ժողովուրդը չեն եղել, ինչ որ հանդիսանում են էսօր, տեսնեն, թե ի՛նչ են ստեղծել ու ի՛նչ են եղել անցյալում, որ հոգեպես բարձրանան ու լցվին հավատով դեպի իրենց ազգային ապագան։


1914