Ինչ որ ցանես, ըն էլ կհնձես

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ինչ որ ցանես, ըն էլ կհնձես

Հայկական ժողովրդական հեքիաթ

46. ԻՆՉ ՈՐ ՑԱՆԵՍ, ԸՆ ԷԼ ԿՀՆՁԵՍ

Ըլնում ա, չի լնում մի լաչառ, անզգամ հարս։ Օրեն մի օրը էդ հարսի կեսուրը հիվանդանում ա, տեղով֊բարձով թեք ընկնում։ Էդ կեսոր սիրտը խորոված ա ուզում։

Կանչում ա հարսին.— Ա՛ղջի,— ասում ա,— սիրտս խորոված ա ուզում, ի՛նչ կըլնի՝ էթաս մի քանի թիքա խորոված անես, բերես ուտեմ։

Հարսն ա՝ ջուղաբ չի տալի, փնթփնթալոն, թոնթորալոն դուս ա գալի քուչեն, առվիցը մի քանի գորտ ա բռնում, բերում խրում շամփուրը, լավ-լազաթին խորովում, եննա քաշում հացի վրեն, տանում դնում կեսոր աղաքը։ Խեղճ կեսուրը մի կտոր վեր ա ունում ուտում տենում ա՝ գորտի միս ա։

— Ա՛յ որդի,— ասում ա,— ինձ գորտի միս ուտացրիր, բան չկա. ասսանից եմ խնդրե՝ քե՛զ էլ փոխ ըլնի, թիքումդ գտնվի։

Ասում ա՝ ֆոgին տալի։

Անց ա կենում մի վախտ՝ մի տարի, էրկու տարի, իրեք տարի, էդ անզգամ հարսը մի հասած տղա ա ունենում, բերում ա, դրան պսակում։ Դրան մի շատ խոնար, ասսու գառը հարս ա ռաստ գալի։

Օրեն մի օրը էդ կեսուրը սաթլշամ ա ըլնում, հիվանդանում, տեղով-բարձով թեք ընկնում։ Հարսը կեսոր յորղան-դոշակի կշտիցը չէր հեռանում՝ գշեր, ցերեկ մուղաթ էր կենում, ի՛նչ ուզում էր, ալբիալը էթում էր բերում, է՛ս տալի, է՛ն տալի, դեղ խմացնում, շորվա անում, ուտացնում, մախլաս, գլխներդ ինչ ցավացնեմ, հիվանդ ա էլի՛, ինչ սիրտն ուզում էր՝ ալուստի վազում էր բերում:

Օրեն մի օրը էդ կեսոր սիրտն էլ ա խորոված ուղում։

Կանչում ա հարսին.— Ա՛ղջի — ասում ա, սիրտս խորոված ա ուզում. ի՛նչ կըլնի՝ էթաս մի քանի թիքա խորոված անես, բերես՝ ուտեմ։

— Ա՛չքիս վրեն,— ասում ա հարսը:

Էթում ա էն սհաթը մարդին ղրկում բազար, մի լավ[1] սուկի առնել տալի, բերում կոտորում[2], սոխը վրեն չրթմիշ անում[3], էթում շամփուրը բերում, շարում, տանում քաշ անում թունդիրը, որ խորովի: Մի քանի հետ շուռե֊շուռ ա տալի, որ չէրվի, եննա հանում ա՝ տենա էփել ա, թե չէ։ Հանում ա․․․ ի՛նչ տենում՝ խորովածացուն քոմմա գորտ ա դառե։ Շամփուրը ձեռին մնում ա սառած կաննած չի իմանում՝ էս ի՛նչ բաս ա։

Բերում ա էդ խորոված գորտերը շամփրի վրիցը քաշում, դեն ածում, թազադան մարդին ղրկում, սուկի բերիլ տալի, խորովում, շամփրի վրեն շարում, կախ տալի թունդիրը։ Մի քիչ կենում ա, հանում ա, տենում՝ էլի գորտ ա դառե։

Որ շատ ետանում ա, կեսուրը ընդիան ձեն ա տալի.— Ա՛ղջի,— ասում ա, — ի՞նչ էլար, թե՛զ արա խորովածը բե՛, է՜:

Հարսը թողում ա, գալի կեսոր կուշտը։

— Ա՛յ, նանի, ասում ա, բա չես ասի՝ ըսե՛նց, ըսե՛նց բան, խորովածացուն ինչքամ շարում եմ՝ գորտ ա դառնում։ Չեմ իմանում է՛ս ինչ բաս ա։

Կեսուրը ալբիալը գլխի ա ընկնում, թե բանն ընչումն ա։

— Գնա՛ բե, ա՛յ որդի,— ասում ա,— գնա՛ բե. տվել եմ, պտի առնեմ։

Դրուստ ա ասած. «Ինչ որ ցանես՝ ըն էլ կհնձես»։

  1. Տպագիր տեքստում հաջորդում է՝ ոչխարի, որը ջնջված է բանահավաքի ձեռքով (Ծ. Կ.):
  2. Տպագիր տեքստում՝ «սուկին խորովում», ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):
  3. Մանրացնում (Ծ. Բ.): «Սոխը վրեն չրթմիշ անում» արտահայտությունը տպագիր տեքստում բանահավաքի ձեռքով ջնջված է. պահպանել ենք տպագիր տեքստում եղածը (Ծ. Կ.):