Խաղաղություն (Մատթեոս Զարիֆյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Խաղաղություն

Մատթեոս Զարիֆյան


Խաղաղություն


Դեռ կը հևամ,
Դեռ մահամերձ վարդերու պես տժգույն եմ.
Հոգիիս մեջ, դեռ գիշերը Տառապանքին
Հսկա բուի իր թևերը կը փռե․․․
Բայց արդեն իսկ կապույտ լեռնե՜րն են ահա,
Զոր երազեր եմ երկար.
Կապույտ լեռնե՜րն, ու իրենց վես կողերն ի վեր
Լռությո՜ւնը անրջական՝
Որուն համար արցո՛ւնք թափեր եմ երկար,
Երբ պատանի հոգիս մինակ կը մնար,
Մութ գիշերներ, աստղերուն տակ․․․

Մատներըս դեռ կ’արյունին.
Ի՜նչ դժվարին վերելք էր այս,
Ապառաժե ապառաժ,
Վիշտերու բեռը ուսիս...
Եվ ահա մութ, կապույտ լեռնե՜րն են իրավ,
Շքեղ՝ ինչպես մերկ հոգին,
Թեև տժգույն ու հեռավոր տակավին․․․
Գիշեր չեղած՝
Ինչպե՞ս նայիլ ամբավին․․․

Բայց, այս հուզո՜ւմը հստակ.
Ա՜հ, կարծես թե,
Այս խորտակված կուրծքիս տակ,
Տրտմության հին աղբյուրն է որ,
Լուսնի լույսովը օծուն,
Հոգվույս ճամբան կը փնտրե.
Ա՜հ, սփոփա՛նքը իր երգին...
Խաղաղությո՜ւն...

Այս իրիկուն,
Աստղերն որքա՜ն են վճիտ,
Ինչպես շիթերն արցունքի՝
Որ կը թափին երբ մարդ կ’իյնա աղոթքի...
Խաղաղությո՜ւն։

Ու այս ձա՜յնը,
Բայց ծաղիկե զատ ո՛չ մեկ իր կա այստեղ.
Ահ, այս ձա՜յնը, այսպես խաղաղ ու տրտում
Անհո՞ւնն է.
Ձայն կը լսեմ, կարծես թե,
Լռության այս անրջահև երգին մեջ․․․
Խաղաղությո՜ւն։