Jump to content

Հին սեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Վերահղված է Հին Սերից)

Հին սեր


Մամ ու ծերուկ, երկու թարշամ հոգիներ,
Եկան նստիլ շուքին ներքև ծիրանվույն`
Որուն քնքույշ ծաղիկներն են զարդարեր
Օր մը գլուխը հանվույն:
Անոնք սաստիկ կդողդոջեն, իբր ըլլան
Սիրահարներ հանկարծ իրար հանդիպած.
Բայց քովերնին` ցուպերն իրենց լոկ կմնան
Խոտին վրա` գրկված:
Չունին այլևս հրդեհումներն արյունին.
Անոնց հոգին համբույրի երգը չունի.
Ոչ ալ հոգնած կողերնուն մեջ կծաղկին
Սերմերը` նման շուշանի:
Պապուն նայվածքն աչվըներուն մեջ մամուն
Կնվաղի` չթափանցած դեռ սրտին.
Եվ կմսի գաղջ ճառագայթն արևուն
Անոնց ծոցին մեջ ցրտին:
Եթե փորձեմ իսկ տարփանքի փորձ մ’անմեղ
Գարնան դրդիչ բուրումներեն սրարբած`
Կփշրի սիրտն, իբրև բաժակ մը բյուրեղ
Հանկարծ կրակին դեմ ճաթած:
Վարդերն անցա՜ն, անցան բոցերն այտերե.
Սերն անոնց կայծ մ’է մոխիրին մեջ թաղված,
Զոր հիշատակն իր շունչով իսկ կմարե
Վայրկյան մ’հազիվ արծարծած:
Ու հիմակ այս գարնանային իրիկունն,
Երբ կբուրեն կինամոնները բլրան,
Կիյնա անոնց միտքը հին սերն հանկարծույն`
Հին աղոթքի մը նման:
Եվ կհիշեն, շուքին տակ նույն ծիրանվույն,
Մեռած գգվանքն, իրենց տարփանքը հեշտին,
Հետո համբույրն ու հետո ճի՛չը մամուն`
Եվ իրարու կժպտի՜ն.....