Jump to content

Չարենց-Նամե

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Վերահղված է Չարենց–Նամեից)
Չարենց–Նամե

Ձեր մտքերը մի պահ ես պիտի
Այսօր տամ երգերիս քարե։—
— Ե՛ս եմ այս՝ անտուն, անոթի
Մի պոետ— Եղիշե Չարենց։

Ես եկել եմ հեռո՜ւ Իրանից։
Հայրենիքս է— Խանի Մակուն։
Իմ հոգում— արև՛ն Իրանի,
Իրանի արև՛ն է իմ հոգում։
Իսկ արյան մեջ երգում է իմ—
Նաիրյան տխրությունն անծիր...

Իսկ ուղեղս— կարմիր-կարմիր
Մոսկովյան հրով այրեցի։

Թող իմ սիրտը— բուրմունքը վարդի,
Իսկ ուղեղս— կրա՛կը խանձի։—

— Իսկ հիմա լսեցե՛ք, մարդի՛կ,
Շահ-Նամեն բանաստեղծ Չարենցի...

I

Ոսկեվառ արևի նման
Իրանից նետված Նաիրի,
Նաիրից նետված Մոսկով—
Ես երգում եմ կյանքս հիմա—
Արևով,
Արյունով,
Ոսկով։

Ես ի՞նչ հրաշքով դարձնեմ
Օրերիս անիվն անգո.

Թող իմ երգը ձեզ թռցնե—

Նաիրի.

Կարս—

Մանկություն...

Ես Կարսում եմ—
Նորի՛ց,
Նորի՛ց...
Մանկական շրթերըս կախած՝
Ես տեսնում եմ մորս
Նորից—
Ստինքները՝ երկու ձագար…

Դեռ հոգիս մի նետ է հանգիստ՝
Օրերիս աղեղին կպած։

Հեռևում— մորմոքը զանգի։

Ահա հայրս՝ հագին կապա...

Նրա դեմքը՝ արծաթե ափսե,
Վրան քիթը՝ կեռ մի դանակ։
Թափել է ժամանակն անսեր
Մազերին— ճերմակ նիրվանա։

Ահա մայրս՝ գնում է ջրի,
Գլխին՝ Թեհրանի լաչակ...

Սուլում է քամին Նաիրի—

Ուզում եմ բարձր ճչալ։

Պարզում է ձեռքերն առաջ
Հոգիս, որպես որբ տղա.—
Ուզում է— արևկեզ հարավ,
Ուզում է արևի ծնծղան...

Իսկ երբ մայրս մազերին իր ձյուն
Դնում է ոսկեմուգ հինա—
Թվում է՝ մազերի միջով
Ես կարող եմ Թեհրան գնալ...

Կարող եմ հասնել Հնդուչին,
Տիրանալ գանձերին Շահի...
Մանկություն... ոսկեթև՜ թռչուն...
Դեղնավուն ոսկի՜ հինայի...

II

Ես ծնվել եմ Մակու քաղաքում,
Արևի տակ ոսկեղեն, հասուն,
Շոգ շնչի տակ Որմուզդի թևի—

1897 թվին։

Թափել է արևն Իրանի
Իմ հոգում Շիրազի վարդեր։

Բայց տխուր նաիրյան քամին
Իմ սրտում թախիծ է բարդել։
Դեռ աչքերս արևին չբացած
Նետել է ինձ հին մի քաղաք։—

Ես անգույն Կարսում մեծացա՝
Հայրենիքս հեռուն թողած։

Աչքերս թևերի նման
Դեռ նիրհել էին շվարած—
Երբ գրկեց ինձ թախիծն հնամյա,
Որպես տան մշտական ծառա։—

(Նա մեր տանն էր վաղուց մեծացել,
Դեռ եղել էր պապիս ժամանակ։
Մնացել էր՝ հոգնած ու ծեր,
Սպասում էր, որ երկինք գնա։
Մենք նրան ասում էինք՝ ապի,
Նա տանում էր ինձ փողոց.
Սիրում էր ամեն բան թափել.
Երդվում էր նաիրյան հողով...)։

Հորական տնակում նստած,
Նա մռռում էր, որպես տան կատու։
 Բայց հոգիս կարոտով վստահ
Երազում էր արև ու խնդում։

Եվ հենց նա՛ էր, թախիծն հնամյա,
Որ ծածկած արև ու Իրան—
Մի ծերուկ ուսուցչի նման
Ինձ մի օր վարժարան տարավ։

Ու, ծածկած արև ու Իրան,
Նա, շնչով կարծես մի հրե—
Ուղեղիս կտավի վրա
Փորփրեց հնամյա գրեր...

(Իմ հոգին
Ո՞նց
Իմանար,
Որ հոսանքը այդ հին գրերի
Իմ հոգու անհաղթ թևերին
Պիտի բյուր երկինքներ բանա։

Որ հետո,
Տարիներ հետո,
Առածից բյուրպատիկ ավելի—
Նավերիս ճերմակ կտավին
Նա քամի ու արև պիտի տա...)։

Իմ խաղա՜ղ, կապո՜ւյտ մանկություն,
Դու նման ես լճակն ընկած
Արծաթե լուսինի դիսկին։—

Դու կայիր— ու չկաս հիմա դու,
Արևի դեմ դու, թույլ, հանգար—

Բայց արդյոք կայի՞ր դու իսկի...

III
 
Եվ ահա— պատանի եմ ես
Տասնըչորս, տասնըհինգ տարեկան։—
 Հիմա քեզ,— պիտի քեզ երգեմ,
Իմ լուսե, հեռո՜ւ բարեկամ։—

Աստղիկ։— Քո անունը այս
Ես պահել եմ սրտում իմ— վառ։

Ինչպես ծովն ընկած առագաստ
Թող ընդմիշտ նա այնտեղ մնա։

Օ, հաճա՜խ, հաճա՜խ, բարեկա՛մ,
Որպեսզի հոգիս չմրսի—
Ես հիշել եմ վայրկյան-վայրկյան
Կանաչած այգին Կարսի...

Ես հիշել եմ—
Ի՞նչ.
Չգիտեմ։—

Ես հիշել եմ այն ամառվա
Քո ժպիտը—
Տխուր,
Անթև,—
Իմ շապիկը— հիշո՞ւմ ես– ճերմակ...

Հիշո՞ւմ ես...

Ախր ի՞նչ հիշես...

Ախ, ոչինչ չկա հիշելու։—

Աշունը
Տերևներ քշեց—
Թիթեռներ դեղնած հուշերի...

Ների՛ր ինձ,
Ների՛ր, բարեկա՛մ,
Ինչքան էլ լուսե լինեիր—
 Ես անմիտ պատանի էի
Տասնըչորս-տասնըհինգ տարեկան...

IV

Եվ
Ահա—
Տասներկու թվին—
Առաջին անգամ... այնտեղ...
Առաջին համբույրս տվի—
Քեզ...
Հիշատակ անթև։

Ես ուզում էի— շո՛գ,
Իրան...
Շիրազի վարդեր կարմիր։—

Բայց գտա...
Անկողնի...
Վրա...
Տարածված... մի պաղ... մարմին...
Ներիր, Աստղիկ Ղոնդախչյա՛ն,
Իմ լուսե բարեկամ...
Ների՛ր...

Ես...
Հետո...
Աշխարհներ անցա—
Բայց թողածս ետ չբերի...

Սիրելի,
Լուսե
Ղոնդախչյան—

Ների՛ր... օ...
Ների՛ր...
Ների՛ր...
Եվ ահա
Առաջին
Անգամ…
Այնտեղ... միևնույն տարին—
Երևաց մի ուրիշ անգո,
Անունը... Երկիր Նաիրի։
Երևաց։
Երևի չկար։
Երևի չկային վարդեր։

Եկավ—
Ուսերիս վրա
Մի անհուն տխրություն բարդեց։

Թվաց թե—
Տեսնում եմ մշուշում
Մի կապո՜ւյտ-կապո՜ւյտ աղջիկ։—

Նման էր— հնամյա փոշու,
Նման էր— արնոտած խղճի։

Սպիտակ շրթերի վրա
Կային... դեղնավուն վերքեր։

Տվեցի սիրտս նրան—
Ուզեցի, որ նրան երգեմ...

VI

Օ, երգե՛ր իմ—
Առաջի՜ն,
Առաջի՜ն...

«Երեք երգ»...
 Աստղիկ Ղոնդախչյան

Քրքրեմ
Մոխիրն իմ խղճի

Եվ երբե՛ք, երբե՛ք
Չզղջամ...

VII

Ես ինքս էլ լավ միտ
Չբերի—
Թե ո՞նց՝ Կարսի այգուց—

Տասնհինգ թվի վերջերին—

Արթնացա... զորքերի շարքում։

Կամավոր։

Հայկական բանակ։

Հրացան։ Թնդանոթ։ Ռումբեր։

Եվ ահա— Այգեստանը Վանա։

Եվ ահա– Վարդան, Ռուբեն։

Եվ ահա ընկերներ նոր-նոր։
Նյու Յորքից, Բասենից, Պոլսից։

Մա՛հ
Մա՛հ,
Մա՛հ։
Ընդհանուր, հանուր։

Զինվորի, աղջկա, հարսի։—
Ես կարծում էի— այնտեղ,
Ռումբերի ահեղ որոտում
Կգտնեմ քո դեմքը լուսե։

Բայց գտա... դիակներ փայտե,
Ու տեսա մի երկիր, որը դու
Լքեցիր խուժումից մեր սև։

Ու իջավ թախիծն հնամյա
Ու հոգիս ճնշեց, ճնշեց...

Եվ իմ դեմ հրաշքի նման
Կրակվեց քո ուղին անշեղ...

VIII

(Ո՞ւմ ինչ, որ— միևնույն թվին
«Պրոգրես» տպարանը Թիֆլիսում
Ավետեց իմ կոտրած թևի
Արնոտած անկումի մասին...
Ու «Գիր»-ը փոշոտ վիտրինում
Մի փոքրիկ բրոշյուր դրեց։—

Իմ տողերը վիշտ բերին ո՞ւմ—
Դանթեյան իմ տողերն հրե):

IX

Իսկ
Հետո—
Տասնըհինգ թվին—
Երբ եկա, հասա Մոսկով—
Զգացի հսկա մի թևի
Թպրտում... Վիթխարի սոսկում։

Թվաց թե—
Հասնում եմ ահա
Աշխարհի վերջին վրանին,—
Բայց որպես ոսկի մի վահան
Բարձրացավ արևն Իրանի...

Վառվեցին իմ հոգում հանկարծ
Վարդերը հեռու Շիրազի...

Օ, սի՛րտ իմ, գլխիվայր ընկար—
Կախվեցիր... աղջկա վարսից։

Զարթնեցին հեռո՜ւ տարիներ—
Ձիերի նման վրնջան...

Արթնացավ հրկիզող մի սեր...

Կարինե։

Կարինե Քոթանճյան...

X

«Ծիածանը»...
Արև՛ն է այնտեղ,—
Նաիրյան թախիծի միջից.
Հրկիզված իմ հոգին բանտել
Եվ ուզում էր անդարձ շիջի[1]։

Իրանի արև՛ն էր շոգ—
Լացակումած կապույտը Նաիրի...

Ու թախիծը—խեղդող, ճնշող,—
Խառնված ոսկեման հրին։

(Դեռ չկա՜ր աշխարհում անշող
Դեռ չկա՜ր արև-Նաիրրն...)։
    
XI

Մոսկով։
Տասնըյոթ թվական։

Իմ սրտում— արևն Իրանի։

Եվ ուզում էր արևն ագահ
Հրդեհել սկսվող տարին։

Հունվար...
Փետրվար...
Քսանըվեց։

Պոկվեց, ինչպես քար սարից։—

Արևը՝ կարմրակեզ բանվոր՝
Գլորվեց թափով վիթխարի։

Ի՞նչ...

— Հսկա,
Վիթխարի մի քար,
Որ նստել էր մեր թևերին։
Ծծում էր մեր արյունն, ագահ,—
Շնչում էր սառնություն բևեռի։

Գլորվեց։
Ու զուր,
Երերուն,
Մի վայրկյան սպասեց, չըգնաց։
Բացվել էր— անհուն մի հեռու։

Ջարդել էր մի հին մեքենա։


Կանգնել էր ճամփի սկզբին,
 Հետևում— մռայլ տարիներ։

Վախենում էր կարծես վազքից...

Կարինե...

Հիմար Կարինե...

XII

Իմ հոգում— արևն Իրանի
Լափլիզում էր հրդեհի նման։

Ու ծանր, որպես գրանիտ,
Նաիրյան թախիծն հնամյա։

Թե իզո՞ւր կրքերիդ բազեն
Հետևեց ինձ երկա՜ր տարիներ...

Տխրություն էր հմայքդ մսե—

Կարինե...

Մշո՜ւշ— Կարինե...

XIII

Ինչպես քարը, մնացած ճամփին,
Որ նորից գլորվի պիտի—

Իմ հոգին կարոտով անբիծ
Սպասում էր վերջին աղետին։

Պիտ ընկներ, որպես գրանիտ,
Քո կարոտը հոգնած իմ խղճից—
Որ ոսկի արևն Իրանի
Խառնըվեր նաիրյան թախծին...
Եվ ահա—
Հունիս,
Հուլիս...
Եվ ահա—
Սեպտեմբեր,
Հոկտեմբեր...

Զարնվեց կռանը— սալին:
Տեղացին վիթխարի ռումբեր։

Ու ռումբերը— արնակեզ երգով
Պայթեցին ուղեղում իմ մութ։—

Ու կարմիր ռումբերի ներքո—
Երազներս տվի... քամուն։

Գլորվեց, որպես գրանիտ,
Քո կարոտը հոգնած իմ խղճից։

Ու ոսկի արևն Իրանի
Խառնվեց նաիրյան թախծին...

XIV

Տասնըութ։
Թվական կյանքի։

Իրիկուն։ Վերադարձ։ Առավոտ։

Ազատվեց հին կապանքից
Հոգիս՝ վիթխարի ցավով։

Տասնըութ։
Թվական հրի.

Ողջակեզ— կարմրակեզ բոցում։
 Արթնացավ արև՛—Նաիրին
Իմ հոգու նո՛ր զնգոցում։

Հրդեհ էր։
Անհատնում կրակ։
Արնաքամ վերքեր կարևեր։

Ու կարոտդ հանկարծ ալվըլան—
Ողջակեզ— հոգիս արևեց։

Ողջակեզ։ Խնդություն։ Ու մի
Անհատնում վատնում միասին —
Եվ հոգիս սանձարձակ թռավ...

Այսպես էր տասնըութ թվին։—

Սո՛մա…

Լյուսի Թառայան...

XV

(Հոսում է արնակեզ մի գինի,
Հրդեհվում է սրտում իմ շոգ.
Անցնում է իմ թեժ արյունից
Ու քանդում է կապանքը ճնշող։
Նա այնտեղ է— դուրսը, նա կա,
Որպես կին, որպես նո՜ր Նաիրի,
Հարբել են խմբեր խելագար
Ու աշխարհը հանձնել են հրին։

Նա այնտեղ է— Լյուսի Թառայան.
Վարդերում, արևում Շիրազի,
Նաիրյան դաշտերի վրա,
Սկյության[2] դաշտերում անծիր...


Ու բոլո՛ր նրանց սրտերում,
Որ աշխարհը հանձնել են հրին։
Հրդեհվել է աշխարհի հեռուն...
— Այստեղ էր այն կարմի՜ր տարի՛ն...)։

XVI

Կարմիր Բանակ։

Հորդել են հեղեղները սև։

Անսահման դաշտերի վրա
Շաչում են քո թևերը լուսե։


Կայարան։

Զորքեր։
Զորքեր։

Զինվորներ կարմիր։

Գիշեր։

Ու կարմիր զորքերի վրա
Կործվել է խավարը սև։

Խոր,
Խավար,
Ահավոր սպասում։
Հեռուն՝ կրակներ տարտամ։

Առավոտ— կգնանք, հզոր.—
Կփշրենք թշնամու շղթան:


Այստեղ էր — 19 թվին։
 Օ, ինչ հո՜րդ էր տագնապն ուղեղիս...

Ու հոգիս հրդեհին տվի,
Որ լափվի բոցերում դեղին։

Այստեղ էր։
19 թվին։
Հավաքվել էր Բանակը Կարմիր։

Ու բոլոր աչքերում ծավի
Անսահման խնդություն կար մի։

Ու մոտի՜կ, մոտի՜կ էր այնքան
Երազած աշխարհը գալիք...

Հավատում էր— տերևն անգամ
Որ... կգա՜, կգա՜ Անձկալին...

Կանգնել էր Նա դռանը
Կարծես—
Խանդավառ՝ ճակատին արև։

Ես երբեք քեզ չե՛մ մոռանա—

Թառայան...

Կայարան Տիխորեցկ...

XVII Օ, ինչ հո՜րդ էր տագնապն ուղեղիս...

Ու հոգիս հրդեհին տվի,
Որ լափվի բոցերում դեղին։

Այստեղ էր։
19 թվին։
Հավաքվել էր Բանակը Կարմիր։

Ու բոլոր աչքերում ծավի
Անսահման խնդություն կար մի։

Ու մոտի՜կ, մոտի՜կ էր այնքան
Երազած աշխարհը գալիք...

Հավատում էր— տերևն անգամ
Որ... կգա՜, կգա՜ Անձկալին...

Կանգնել էր Նա դռանը
Կարծես—
Խանդավառ՝ ճակատին արև։

Ես երբեք քեզ չե՛մ մոռանա—

Թառայան...

Կայարան Տիխորեցկ...

XVII

(Եվ մի՞թե
Ես
Չերգեցի՞
Ձեր կռիվը, կարմիր
Ընկերներ...

Նայեցի երկաթե գծին—
Հասկացա, որ ամբողջը— մե՛րն է:
Ու կարմիր հրդեհում հրձիգ
Վառվելով՝ ձգտեցին իրար—
Անձրևը նաիրյան թախծի
Եվ արևը քո, ոսկի իմ Իրան։

Հասկացա, որ որպեսզի դուք
Միանաք ու ձուլվեք ի մի—
Պիտի նախ իրար միանան
Լույսերը Փարիզի, Պեկինի։

Դեռ պիտի խմիչքը վեդյան[3]
Բյուրավոր սրտեր խանձե։—
Բայց ուղին ես արդեն գտա՝
Դեռ երեր, անմարմին, անձև...)։

XVIII

Ինձ կանչում էր կարծես անծիր
Կարոտով— երկիր Նաիրին.—

Նորից Հայաստան գնացի
Տասնըինը թվի վերջերին։

Այնտեղ— Նաիրի երկրում,
Հնավանդ ցանկությամբ ուրիշ՝
Արդեն խմբապետ Դրոն
Պարզել էր երեքգույն դրոշ։

Պարզել էր— Երևան քաղաքում,
Հնամյա Մասիսին մոտիկ։

Ու լցրել էին հողագույն
Ուրուներ քաղաքն անոթի։

Որպես քար՝ տխրությունն իջավ,
Ծանրացավ ուսերիս,
Վրաս։

Ես նո՛րից, նորի՛ց քեզ տեսա—
Մանկություն...

Կարոտի իմ...

Կարս։


XIX

Կարս։
Տասնըինը թվին։
Տասնըինը թվի վերջերին։

Նո՛ւյն երկինքն էր՝ կաթսա արևի։
Նույն խշշոցը քչփչան ջրի...

Բայց արևը իզուր էր փորում
կուրացած աչքերը շենքերի։

Իզո՜ւր էր նաիրյան հեռուն
Ունկնդրում քչփչան ջրին...

Մանկական երազում տեսած
Շուքերի նման չկային
Ծանոթներս— լուսե՜ մարդիկ...

Դարձել էր— սրերի հեսան
Կապույտ մանկությունը իմ—
Իմ կանաչ, պայծա՜ռ բարդին...

Էլ ինչո՞ւ ծիծաղեր հոգիս,
Երբ մի լուրջ քննադատ մի օր
Սարսելով դահլիճն ու ֆոյեն[4]
Ավետեց ամբողջ աշխարքին,
Որ ծնվել է— մեծ մի պոետ...

Որ ծնվել է երգիչ մի վառ
Ու բերել է երգեր հրե.—

Ցնծա՛, նաիրյան աշխարհ,—

Ցնծա՛... Եղիշե Չարենց...

XX

Երևան։
Քսան թվական։
Փետրվար,
Մարտ,
Մայիս։

Ողջո՜ւյն, ընկեր Թավաքա՛լ։
Մուսայե՜լ։
Սարուխա՜ն։
Ավի՜ս...

Ողջույն բոլորիդ, բոլորիդ։
Ձեր կամքին— երկաթ,
Գրանիտ։

Մոսկովյան կարմրակեզ հրին,
Կարմրավառ վարդին Իրանի..


Երևան։
Մեկ մայիսի։
Աստաֆյան փողոցում— խմբեր։

Խնդավառ ելած միասին—
Կտրել են փողոցի ճամփեն։
Եվ ահա— դրոշներ կարմիր։
Հնամյա Մասիսի առաջ...

Ով որ կա— թող գա՛,
Վառվի՛,
Սուր ճչա, խնդասիրտ գոռա՛։

Զիգզագներ—
Նժույգներ թռան,
Կապվեցին՝ Երևան-Մոսկով.
Թափվեցին շենքերն հնօրյա
Հարվածի տակ երկաթե բազկի։

Ու սրտում իմ վառ խտացան
Գալիքները... Ո՞ւր գայիր էլ։—

Իսկական մարմին ստացած—
Կանգնեց խնդավառ Նաիրին...

XXI

Քսանըմեկ։
Հատված քսանըմեկ։

Ինչ եղավ քսանըմեկ թվին—
Թող հոգիս գալիքի՛ն գամե,
Թող հոգիս ընդմիշտ արևի։—

Ընթերցո՛ղ։ Քո հոգին հիմա
Թող ճեղքեմ երգիս դանակով.
— Ես եղա... առաջին Նաիրյան
Իսկական Կարմիր Բանակում…

Ու տեսավ Մասիսն հնամյա,
Առաջին անգամ իր օրից—
Չերազած հրաշքի նման
Կռիվը նաիրցի բանվորի...
Իսկ
Երբ
Տուն դարձանք բանակից
Սպասում էր ինձ արդեն
Նաիրին... երկրային մի կին.
Աչքերը— ջահեր կրակի,
Շրթունքները— Շիրազի՛ վարդեր։

Ինչքան շա՜տ անցան դեմքեր,
Բայց հոգիս թող քեզնո՛վ հարբի.

— Ախ, ինչքա՜ն ես սիրո՜ւմ եմ քեզ,
Արփի՛կ, լուսավո՜ր Արփիկ...

XXII

Ես հիմա ապրում եմ Մոսկվայում
Գլխիս մեջ՝ մրրիկներ ոսկի։

Գլխիս մեջ մի Ռոբերտ Օուեն
Հիմա վառ գալիքն է հսկում։

Գրում եմ պոեմներ, երգեր։
Երազում եմ— Գալիքն անծիր։

Նաիրի՛, ես սիրում եմ քեզ.
Քեզ սիրում եմ, իմ Իրան հրձիգ։

Ես հիմա հեռո՞ւ եմ... Օ, ո՛չ.
Ձեզ մոտիկ եմ հիմա ավելի—
Ինչպես նետը՝ դեպի ետ քաշած՝
Առաջից փախչող գազելին։

Իմ հոգին երեք նետ ուներ—
Պի՛րկ հենած աղեղին օրերի։—

Հիմա՝ թռե՜լ են երեքն էլ—
Զարնվել են— խնդո՛ւն հրին։
Ես ձեզ չե՜մ, ձեզ չե՜մ մոռացել.
Դուք հիմա դարձել եք— մի։—

Մենք շուտով, ինչպես նետ երեքծայր—
Թռչելու ենք— Հնդուչին, Պեկին։

Ընդունե՜ք, առե՜ք ինձ հիմա—
Մոսկո՜վ կարմրակեզ հրի,
Իմ ոսկի՜, ոսկի՜ իմ Իրան,
Իմ հեռո՜ւ, հեռո՜ւ Նաիրի...

1922. 6. 1.

Մոսկվա


  1. շիջել — հանգչել, մարել:
  2. Սկյութիա — երկիր որ գտնվում էր Սև ծովի հյուսիսային ափերին (մ.թ.ա. 7-րդ դարից մինչև մ.թ.ա. 3-րդ դարը):
  3. վեդյան խմիչք — նկատի ունի հին հնդկական կրոնական ուսմունքը՝ իբրև հոգևոր սնունդ:
  4. ֆոյե — ճեմասրահ: